Նախորդ տարի Հայաստանում հանցավորությունն աճել է 8,1 տոկոսով. Արթուր Դավթյան

2017թ.–ի ընթացքում առանձնապես ծանր հանցագործության դեպքերը նվազել են 16,7 տոկոսով, իսկ ծանր հանցագործությունների դեպքերը՝ 11,4 տոկոսով: Արթուր Դավթյանը ներկայացրել է 2017–ը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Նախորդ տարի Հայաստանում հանցավորությունն աճել է 8,1 տոկոսով։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով ՀՀ դատախազության 2017թ. գործունեությունը:

«2017թ.–ին Հայաստանում արձանագրվել է 20,285 դեպք, 2016թ.–ին դրանք 18,764-ն էին: Այսինքն՝ հանցավորությունն աճել է 8,1 տոկոսով, ինչը պայմանավորված է լատենտայնության աստիճանով»,–նշեց ՀՀ գլխավոր դատախազը:

Մոլախաղը հանցագործություն, թե՞ ոչ. ԱԺ-ը չի ցանկանում բանակում ավելացնել հանցավորությունը

Արթուր Դավթյանի խոսքով՝ հանցագործությունների թվի գործակցով 100,000 բնակչի հաշվով Հայաստանն  ակնհայտ շահեկան դիրքերում է բազմաթիվ այլ պետությունների, այդ թվում՝ Ռուսաստանի, Բելառուսի, Մոլդովայի համեմատ:

Ընդ որում` առանձնապես ծանր հանցագործության դեպքերը 2017–ին նվազել են 16,7 տոկոսով, իսկ ծանր հանցագործությունների դեպքերը՝ 11,4 տոկոսով:

«2017թ. 25,8 տոկոսով նվազել են սպանության դեպքերը, 100,000 բնակչի հաշվարկով սպանությունների թիվը 1,6 է կազմել, իսկ աշխարհում՝ 6,9, ԱՄՆ-ում՝ 4,8, Եվրոպայում՝ 1,5:

Նվազել են սպանության փորձերը, ավազակության, բնակարանային գողությունների դեպքերը: Նշված հանցագործությունների դեմ պայքարը, դրանց կանխումը, բացահայտումը դատախազության աշխատանքում առաջնահերթություն են»,- ավելացրեց գլխավոր դատախազը:

Հանցագործությունների բացահայտման ցուցանիշները ևս աճել են: Դատախազն ասաց, որ 2016թ. 78,5 տոկոս էր, իսկ 2017թ.՝ 83,3 տոկոս: