Քնեսեթը պատրաստ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. ի՞նչ է փոխվել

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կրկին արդիական է Իսրայելում։ Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնը կոչ է արել քաղաքական գործիչներին այդ թեման չշահարկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Իսրայելում  Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար բարենպաստ մթնոլորտ է ստեղծվել։ Այս մասին է վկայում այն փաստը, որ այսօր խորհրդարանում քննարկվել է այդ հարցը, կարծում է «Իսրայել-Հայաստան» միջազգային հասարակական ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերը։

Այսօր Իսրայելի խորհրդարանը քննարկել է Հայոց ցեղասպանության  ճանաչման հարցը։ Դեբատների նախաձեռնողը Քնեսեթում «Մերեց» կուսակցությունը ներկայացնող Թամար Զանդբերգն է։ 

Պատգամավորները հետևյալ կերպ են քվեարկել` 16 «կողմ» ու 0 «դեմ» և դրանով հավանություն են տվել Հայոց ցեղասպանության հարցը պաշտոնապես օրակարգ մտցնելու Զանդբերգի առաջարկին։

Քննարկման ընթացքում Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնը նշել է, որ պետք է ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու խստորեն արտահայտվել այդ թեման շահարկող քաղաքական գործիչների մասին։

«Պատգամավոր Զանբերգի ու խորհրդարանի խոսնակի առաջարկությամբ Հայոց ցեղասպանության հարցը պլենար նիստ կմտնի։ Նիստի օրը պետք է որոշեն Յուլի Էդելշտեյնն ու խմբակցությունների առաջնորդները։ Հնարավոր է` դա տեղի ունենա առաջիկա շաբաթների ընթացքում», – ասաց Ցինկերը

Նրա խոսքով` եթե Էդելշտեյնը ուղղակիորեն խոսում է այն մասին, որ աջակցում է Հայոց ցեսասպանության ճանաչման հարցին, կարելի է ենթադրել, որ նա կաշխատի պլենար նիստում քննարկումից առաջ այնպես անել, որ Քնեսեթի պատգամավորների մեծ մասը աջակցեն առաջարկին։

Արջի ծառայություն Հայաստանին, կամ ինչպես է Իսրայելը կրկին որպես թուր ճոճում հայկական հարցը

«Ակնհայտ է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում առաջխաղացում կա։ Ուզում եմ նշել, որ Էդելշտեյնը Քնեսեթի այսօրվա ելույթով վերացրեց այդ թեմայի շահարկման շղարշը», – ասաց Ցինկերը։

Հիշեցնենք` նախորդ շաբաթ պատգամավոր Իցիկ Շմուլին («Սիոնական ճամբար»)  քննարկման է դրել Հայոց ցեղասպանության ճանաչման  մասին օրինագիծը։ Հայտնի է, որ նման օրինագիծ էր պատրաստվում ներկայացնել Քնեսեթի պատգամավոր Ամիր Օհանան («Լիկուդ»)։ Հայ ժողովրդի ողբերգությունը ճանաչելու կոչ է արել նաև «Հրեական տուն» կուսակցության առաջնորդ, Իսրայելի կրթության նախարար Նաֆտալի Բենետն ու Իսրայելի տրանսպորտի և հետախուզության նախարար Իսրայել Կացը։