ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. ՀՀ բնապահպանության նախարարությունը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացնում է, որ Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծը «10-ից 10» զվարճանքի կենտրոնից տեղափոխվել է Երևանի Կենդանաբանական այգի։
«Նախնական պայմանավորվածության համաձայն այսօր՝ մայիսի 22-ին ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների և կենդանաբանական այգու համապատասխան մասնագետների համատեղ աշխատանքների արդյունքում «10-ից 10» զվարճանքի համալիրում պահվող կարմիրգրքյան բեզոարյան այծը տեղափոխվեց առավել լավ պայմաններով ապահովված Երևանի կենդանաբանական այգի:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին լրատվական կայքերում և սոցիալական ցանցերում տեղ գտած «Հայտնի գործարարի զվարճանքի կենտրոնում կարմիրգրքյան բեզոարյան այծ է պահվում» վերտառությամբ հրապարակումների հետքերով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի աշխատակիցներն այցելել էին «10-ից 10» զվարճանքի համալիր և վերջինիս տնօրինության հետ համաձայանության եկել՝ կարմիրգրքյան կենդանուն Երևանի կենդանաբանական այգի տեղափոխելու հարցում»,–գրված է հաղորդագրության մեջ։