Կրթության նախարարն ասաց` որ դեպքում կբարձրացնի ուսուցիչների աշխատավարձը

ՀՀ կրթության ու գիտության նախարարության կից կստեղծվի փորձագետների խումբ, որը կարող է լուծել ոլորտում առկա խնդիրները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. Ատեստավորում անցած ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա։ Այս մասին դպրոցների տնօրենների հետ հանդիպման ժամանակ ասաց կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

«Մենք պետք է վերանայենք ատեստավորման գործընթացը։ Այն փաստը, որ երկրում ատեստացիա չանցած ոչ մի ուսուցիչ չկա, նրանց օգտին չի խոսում», — ասաց նախարարը։

Նրա խոսքով` ատեստացիան պետք է իրականությունն արտացոլի, ու եթե ուսուցիչը չի համապատասխանում ժամանակակից համակարգին, նա չի կարող ատեստացիա անցնել, ու դրանում զարմանալի ոչինչ չկա։

Հարությունյանն ընդգծեց` ով ատեստացիա անցնի, նախարարությունը 50%-ով կբարձրացնի նրանց աշխատավարձերը։ Նախարարը հավելեց, որ Հայաստանում յուրաքանչյուրը որակյալ կրթություն ստանալու իրավունք ունի։

Դպրոցների 12–ամյա կրթությունը կչեղարկվի՞. հարցին պատասխանում է նախարարը

Առաջիկայում կրթության նախարարությանը կից փորձագիտական խումբ կստեղծվի։

Հայաստանի կրթության նախարարությունը մշակել է մի ռազմավարություն, որը թույլ է տալիս լուծել ուսուցիչների սոցիալական խնդիրները։

«Ուսուցիչների սոցիալական խնդիրները կլուծվեն, առաջիկայում մենք կներկայացնենք այդ խնդիրները լուծելու համար մշակված մեխանիզմները։ Սակայն խնդիրների առկայությունը չի արդարացնում կոռուպցիան», — ասաց նախարարը։

Նրա խոսքով` այսուհետ կոռուպցիայի ցանկացած փաստ պատժվելու է։ Հարությունյանը հավելեց, որ կոռուպցիայի փաստով մեկ գործ ԱԱԾ է փոխանցվել, մնացածով ոստիկանությունն է զբաղվում։