Հայրենադարձության կոչ. ի՞նչ դժվարությունների կարող է բախվել Հայաստանը

Նոր իշխանության առաջնահերթ և կարևոր գործողություններից է` պայմաններ ստեղծել վերջին 30 տարվա ընթացքում երկիրը լքած մարդկանց վերադարձի համար։ Այս նախաձեռնությունը կարելի է միայն ողջունել, թեև մի շարք դժվարություններ են սպասվում այդ ճանապարհին։
Sputnik

Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik  Արմենիա

Վերջին 30 տարվա ընթացքում լավագույն կյանքի փնտրտուքով, իսկ հաճախ օրվա հացի ապահովման համար երկիրը լքած քաղաքացիների վերադարձի գաղափարը, անխոս, ազնիվ գաղափար է։ Այս ուղղությամբ աշխատելու վճռականություն արդեն հայտնել են, հետևաբար, պետք է գործել անհապաղ և ականջի հետև չգցել։

Ճիշտ է, երբ սկսում ես մտածել, թե որքան փոխելու բան կա, որպեսզի հանգիստ մարդկանց հետ կանչես հայրենիք, լավատեսությունը մի փոքր նահանջում է։ Լավատեսությունն,  իհարկե, ցանկացած գործ կարող է գլուխ բերել, սակայն լավ կլինի, եթե այն կյանքի կոչեն ամենատարբեր ոլորտների լուրջ մասնագետները` տնտեսագետներից մինչև իրավաբաններ ու հոգեբաններ։ Իսկ ոգևորված էնտուզիաստները կարող են օգնել պրոֆեսիոնալներին։

«Մեր խնդիրը մեր ժողովրդի արտագաղթի հազարամյա անիվը կանգնեցնելն ու հետ պտտելն է». Փաշինյան

Եվ միշտ հիշել է պետք, որ նույնիսկ ամենաազնիվ, անկեղծ ու ճիշտ նախաձեռնությունն ընդդիմախոսներ ունենալու է։ Խոսքը նույնիսկ միջին կամ խոշոր գործարարների մասին չէ, որոնք հարյուր հազար անգամ կմտածեն, նախքան իրենց բիզնեսը, ասենք` Ավստրիայից կամ Ամերիկայից Հայաստան տեղափոխելը։ Նրանք, իհարկե, ամեն ինչ մի տեղ չեն կենտրոնացնի, և կվերադառնան կամաց–կամաց, փուլ առ փուլ` զգուշավոր և շրջահայաց լինելով։ Թեև, իհարկե, մենք հենց դա ենք նրանցից ակնկալում։

Խոսքը մեր ներկայիս կամ նախկին համաքաղաքացիների մասին է, որոնք այս կամ այն պատճառով կորցրել են ոչ միայն աշխատելու ու որևէ բան ստեղծելու ցանկությունը, այլև կարողությունը։ Օրինակ`նրանք, ովքեր տասնամյակներ շարունակ ապրում են արտասահմանից բարեկամների ուղարկած գումարների հաշվին։ Այ, նրանք կզրկվեն կայունությունից և որևէ ջանք չպահանջող եկամտի աղբյուրից։

Կասեք, որ նման մարդիկ քի՞չ են։ Գուցե և բացարձակ արտահայտմամբ քիչ են, սակայն Հայաստանի մասշտաբներով` փոքր թիվ չեն կազմում։

Ծանոթ ունեմ, որը ժամանակին հեռացել է երկրից ՀՀՇ–ի ամենաթողության պատճառով։ Այսօր նա ապրում է արևմտյան Եվրոպայի երկրներից մեկում և նույնիսկ այնտեղի չափանիշներով` բավական մեծ բիզնես ունի։

Նրա «հովանավորությամբ» Երևանում երեք ընտանիք է ապրում, թող որ առանց ավելորդ ճոխությունների, սակայն անհրաժեշտ ամեն ինչ ունենալով։ Այդ երեք ընտանիքի անդամների շարքում ոչ միայն մանկահասակ երեխաներ և թոշակառուներ կան, այլև բավական առողջ երիտասարդ տղամարդիկ, ովքեր աշխատելու իմաստ չեն տեսնում, քանի որ նրանց հովանավորը մեկ անձի հաշվարկով ավելի շատ գումար է ուղարկում, քան առաջարկում է տեղի գործատուն։ Եթե, իհարկե, ընդհանրապես առաջարկում է։

ՀՀ սփյուռքի նորանշանակ նախարարն աշխատելու է հայրենադարձության ուղղությամբ

20-25 տարվա ընթացքում այդ տղամարդիկ, խթանի բացակայության պայմաններում, ոչ մի բան չսովորեցին, իսկ եթե ինչ-որ բան նույնիսկ գիտեին և կարողանում էին անել, ապա մոռացան և հետ վարժվեցին։ Իսկ ամենակարևորը` նրանց մոտ իսպառ կորել է սեփական ջանքերով աշխատած գումարը տուն բերելու ցանկությունը։ Նման մարդիկ, իհարկե, փողոցներ չեն փակի` «հայրենադարձների» դեմ բողոքի շարժում ստեղծելով, սակայն անելանելի, հուսալքված և անորոշ վիճակում կհայտնվեն` իրենց հետագա կյանքի ու ապրուստի մտահոգությամբ։

Չէ՞ որ ցանկացած խոշոր ձեռնարկատեր, տեսականորեն իր բիզնեսը պատմական հայրենիք տեղափոխելով, կասի նրանց, որ եթե նախկինում նա հասկանում էր հեռանկարների բացակայությունը և դրա համար էր օգնում բարեկամներին, ապա այսօր ստեղծված են բոլոր պայմանները ինքնուրույն աշխատելու և գումար վաստակելու համար։ Խնամակալությանը վերջ կտրվի։

Մեկ այլ օրինակ։ Մեկ այլ ծանոթ, որը նույնպես ավելի քան 20 տարի առաջ մեկնել էր Արևմտյան Եվրոպա, սկզբում ապրում էր ներգաղթյալների համար նախատեսված նպաստով, այնուհետև` այլ սոցիալական վճարների, իսկ երբ քաղաքացիություն ստացավ` գործազրկության նպաստով։

Սակայն չի կարելի ասել, թե անճար է և որևէ բանի պիտանի չէ։ Բայց կրկին խթանի բացակայության սկզբունքն է գործում` նա այնպիսի աշխատանք էր փնտրում, որի համար որակավորում ունենալը պարտադիր չէր։ Լեզուն սովորելու համար ջանքեր չգործադրեց, սակայն լավ ուսումնասիրեց սոցիալական հատկացումների տեղի համակարգի բոլոր մանրամասները։

Թբիլիսիում հայկական սփյուռքի ներկայացուցիչներն աջակցել են իրենց հայրենակիցներին. տեսանյութ

Եվ պարզվեց, որ որակավորում չունենալու համար Արևմտյան Եվրոպան ավելի քիչ է վճարում, քան պետությունը հատկացնում է գործազրկության նպաստի համար։ Ասացեք խնդրեմ` ինչի՞ համար նա պետք է աշխատի, եթե, ոչինչ չանելով, ավելի շատ է ստանում։

Հիմա ամենահետաքրքիրը։ Նույն այդ ծանոթը կարողացել է նույնիսկ ճանապարհորդելու համար գումար հավաքել։ Նա արևայրուք է ընդունում Մարոկկոյի լողափերում կամ նույնիսկ Անտիգուա կղզում (քարտեզի վրա կարող եք տեսնել, թե որտեղ է այն գտնվում) և այնտեղից էլեկտրոնային նամակներ է ուղարկում եվրոպական գրասենյակին, որը նրան նպաստ է հատկացնում։ Նամակներում նա նկարագրում է, թե ինչպես է դեսուդեն ընկած առավոտից երեկո փորձում աշխատանք գտնել, որ մի քանի կոշիկ արդեն մաշել է, սակայն աշխատանք չկա ու չկա։ Ահա այդպես` օվկիանոսի ափին պառկած մկնիկի կոճակի երկու հպումով մարդիկ նպաստներ են ստանում։ Եվ նմաններն էլ քիչ չեն` տոկոսային հարաբերությամբ։

Այնպես որ, ցանկացած լավ գործ կարող է ընդդիմություն ունենալ։ Սակայն կառուցողական այն անվանել չի կարելի, նրա հակազդումը լինելու է լուռ, ծածուկ և չի ազդի նախաձեռնած բարեփոխումների հավանական հաջող արդյունքների վրա։

Սակայն նման խավի առկայությունը հաշվի չառնել էլ չի կարելի, քանի որ որպես արդյունք կարող ենք ստանալ բազմաթից աշխատունակ տարիքի, բոլորովին առողջ, սակայն աշխատանքային հմտությունները կորցրած մարդիկ։ Ի՞նչ անել այս իրավիճակում։ Հավանաբար, նաև այս հարցի պատասխանն է պետք գտնել։