ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik, Խաչիկ Չախոյան. «Ես դաստիարակվել եմ շատ կովկասցիների նման` մեծերի նկատմամբ յուրահատուկ հարգանք, հայրենասիրություն, թասիբ, պատիվ»: Իր արմատների ու դաստիրակության մասին այսպես ասաց Ռուսական «Տոսնո» թիմի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Համացանցում լուրեր էին պտտվում, որ Յուրչենկոյին Դավիթ են կոչել հայ պապի պատվին: Նրա խոսքով` դա այնքան էլ չի համապատասխանում իրականությանը. «Ցավոք ես իմ պապիկներին չեմ տեսել: Հայրական կողմս վրացական ծագում ունի, մայրականս` հայկական: Իսկ Յուրչենկո ազգանունը եկել է Սիբիրից: Հայրս բռնցքամարտիկ է եղել և իմ անունը շնորհել է ինձ հայտնի բռնցքամարտիկի պատվին, իսկ հետո ինձ ասում էր, որ Դավիթ թագավորի պատվին են ինձ Դավիթ կնքել»:
Մեր հավաքականի կազմում հանդես գալու մասին խոսելիս` Դավիթը նշում է, որ մեծ սիրով կուզեր խաղալ Հայաստանի հավաքականում։
«Քանի որ Հայաստանի հավաքականում ընդգրկվելով` ես Ռուսաստանում լեգիոներ կհամարվեմ, հետևաբար, չեմ կարող հանդես գալ ռուսական թիմերից մեկի կազմում։ Այս խոչընդոտը վերացնելու համար դեռ ժամանակ է պետք։ Երբ նոր ակումբ ունենամ, այդ ժամանակ ամեն ինչ պարզ կլինի»-նշեց Դավիթ Յուրչենկոն:
Դարպասապահ Դավիթ Յուրչենկոյին մեր ազգային հավաքականում տեսնելը շարունակում է մնալ ցանկալի, բայց առայժմ չիրականացված երևույթ: Յուրչենկոն բազմիցս է ապացուցել իր բարձր կարգը, հանդես գալով Ռուսաստանի Պրեմիեր լիգայի տարբեր թիմերում, իսկ վերջերս էլ «Տոսնոյի» կազմում նվաճեց Ռուսաստանի գավաթը: Ռուսական անձնագիրը հայկականով փոխելը լուրջ խնդիրների առջև է կանգնեցրել Յուրչենկոյին` Հայաստանի ընտրանում կազմում խաղալու գործում, բայց նա դեռ հավատում է, որ մի օր կխաղա Հայաստանի մարզաշապիկով:
Մայիսի 29-ին ու հունիսի 4-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ստուգողական երկու հանդիպում է անցկացնելու համապատասխանաբար Մալթայի և Մոլդովայի հավաքականների հետ: Հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը արդեն հրապարակել է մեր հավաքական հրավեր ստացած արտասահմանում հանդես եկող ֆուտբոլիստների ցուցակը, որում տեղ է գտել նաև «Տոսնոյի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի անունը: Սակայն Յուրչենկոն այս հանդիպումներին չի մասնակցելու:
Բանն այն է, որ Յուրչենկոյի պայմանագիրը «Տոսնոյի» հետ ավարտվում է և ազատ խաղացողի կարգավիճակով նա նոր ակումբ է փնտրելու: Կան տեղեկություններ, որ Յուրչենկոյի ծառայություններով հետաքրքրված է Մոսկվայի «Սպարտակը», սակայն Դավիթը նշեց, որ այս ամենի մասին իմացել է լրատվամիջոցներից. ««Տոսնոյում» ինձ միանշանակ ասեցին, որ իրենց լեգիոներ դարպասապահ հարկավոր չէ, այդ պատճառով էլ չէի կարող խաղալ հավաքականի կազմում: Նոր ակումբում, միգուցե մոտեցումը այլ լինի, կամ վերջապես ուժի մեջ կմտնի ԵԱՏՄ օրենքի նախագիծը, ու հայկական անձնագրով ֆուտբոլիստն այլևս լեգիոներ չի համարվի Ռուսաստանում: Եթե ես դարպասապահ չլինեի, այլ դիրքի ֆուտբոլիստ լինեի, ամեն ինչ ավելի հեշտ կլիներ»,–նշեց Դավիթ Յուրչենկոն։