Մարշալ Բաղրամյանի ժամացույցը կմնա Մինսկում

Մարշալ Բաղրամյանի` 1937 թվականի արտադրության հրամանատարական ժամացույցը պահվելու է Բելառուսի ռազմական պատմության պետական թանգարանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի –Sputnik. Բելառուսի Գորոդոկ քաղաքում բացվել է մարշալ Բաղրամյանի արձանը։ Բացման արարողության ժամանակ հրամանատարի թոռը Մինսկի ռազմական թանգարանին է նվիրել նրա ժամացույցը։ Այս մասին հայտնում է  Sputnik Բելառուսը։

Նախագծի քանդակագործը Սպարտակ Հարությունյանն է, գլխավոր ճարտարապետը` Արմեն Սարդարովը։

Ինչպես մարշալ Բաղրամյանը հյուրընկալեց Խանոյաններին. մի լուսանկարի պատմություն

«Մենք ապրում ենք հիշելով այն մարդկանց, ովքեր փրկեցին Բելառուսն ու Եվրոպան ֆաշիզմից, և որոնց շնորհիվ մենք այսօր ողջ ենք և ազատ։ Ստեղծագործական աշխատանքի ընթացքում  մենք մի քանի անգամ մեկնել ենք Գորոդոկ, քանի որ շատ գաղափարներ և էսքիզներ ունեինք», – պատմել է ճարտարապետ Արմեն Սարդարովը։

Հեղինակների խոսքով` նրանք առաջին հերթին ուզում էին ցույց տալ մարշալի մեծությունը։

Բացման արարողությանը ներկա պապի անունը կրող Բաղրամյանի թոռը` «Հաղթանակի հրամանատարների հիշատակի հիմնադրամի» վարչության անդամ Հովհաննես Բաղրամյանը, պատմել է, որ Բելառուսի հետ պապը հատուկ հիշողություններ է ունեցել, հենց Բելառուսի ազատագրման համար է նա ստացել իր առաջին Խորհրդային միության հերոսի աստղը։

«Նա հաճախ է այստեղ եղել նաև խաղաղ ժամանակ։ Ուզում եմ մեր ընտանիքի կողմից մեծ երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են կիսանդրու տեղադրմանը», – ասաց Բաղրամյանը։

Մարշալի թոռը շրջանի վարչակազմին որպես նվեր լուսանկարների ալբոմ և գիրք փոխանցեց։ Բացի այդ, Հովհաննես Բաղրամյանը Բելառուսի ռազմական պատմության պետական թանգարանին նվիրեց 1937 թվականի արտադրության` պապի հրամանատարական ժամացույցը։

1 / 2
Մարշալ Բաղրամյանի թոռը` Հովհաննես Բաղրամյանը
2 / 2
Մարշալ Բաղրամյանի կիսանդրին Մինսկում

«Նման ժամացույցներ ստանում էին բոլոր հրամանատարները` սպայական համազգեստի հետ։ Խորհրդանշական է, որ ժամացույցը կանգնեցված է Գորոդոկի ազատագրման գործողությունների մեկնարկի ժամի վրա», – ավելացրել է Իվան Բաղրամյանը։

Թոռան խոսքերով, ժամացույցը` գործող է, ամբողջ այդ ընթացքում ընտանիքի մոտ է եղել, իսկ գործողությունների մեկնարկի ժամը նա հատուկ է ֆիքսել ժամացույցի վրա։

«Մենք մարշալ Բաղրամյանի անվան համալիր ունենք, որտեղ պահվում են նրա անձնական իրերը, այդ ցուցանմուշների շարքը կհամալրի այս ժամացույցը, կարծում եմ` այն կզարդարի ցուցահանդեսը», – լրագրողներին է ասել թանգարանի տնօրեն Սերգեյ Ազարոնոկը։

1943 թվականի նոյեմբերին Բաղրամյանը նշանակվել է առաջին մերձբալթյան ռազմաճակատի հրամանատար։ Նրա առաջին առաջադրանքներից է եղել վերացնել Գորոդոկի ցցվածքը, որտեղ ամրացրել էին իրենց դիրքերը գերմանացիները։

Նույն տարվա դեկտեմբերի 13-31-ը ռազմական գործողություններ են իրականացվել, որի արդյունքում հաջողվել է ազատագրել ավելի քան 1200 բնակատեղի, այդ թվում նաև Գորոդոկը։