Այո, Սլավիկը դարձավ հենց ինտելեկտուալ Երևանի խորհրդանիշը, չնայած նրան, որ մեծացել էր առանց ծնողների, բանտ էր նստել և խմիչքի նկատմամբ էլ հակում ուներ։ Բոհեմական կյանք էր վարում, ինչ արած, սակայն Ժակ Բրել, Բորիս Վիան և այլ ֆրանսիացիների ստեղծագործություններն էր թարգմանում։ Նրա անձնական բանաստեղծություններն այն ժամանակ հասկանալի էին միայն «սամիզդատի» ընթերցողներին, ցուցակներով էին, տպագրական մեքենայով հրապարակումները եզակի էին, և դրանց հետ միշտ խնդիրներ էին առաջանում։
Դրա պատճառով և այն բանի, որ մեծացել ու ապրում էր մենակ, Սլավիկը երբեք գումար չուներ և նա` գեղեցիկ ու վայելչակազմ տղամարդը, միշտ շատ վատ էր հագնված։ «Վատ»–ը այն խոսքը չէ, երբեմն նա պարզապես ցնցոտիներով էր հայտնվում։ Միշտ չսափրված, ինչը բնորոշ է հարբած մարդուն։
Այնուամենայնիվ, կանանց միջավայրում նա հաջողություն էր վայելում, տղամարդիկ նրա հետ ընկերություն էին անում, իսկ պաշտոնական ճանաչում ստացած գրողներն ու պոետները չէին նողկում շփվել նրա հետ, մշտապես փող էին պարտքով տալիս։ Կինոռեժիսոր և կինոգետ Գարեգին Զաքոյանը, ով լավ էր ճանաչում Չիլոյանին, պնդում էր, որ Սլավիկի հետ շփումը միշտ հաճույք էր պատճառում և, անպայման, օգտակար էր։ Ճիշտ է` պետք է ամեն վայրկյան պատրաստ լինեիր ցանկացած անակնկալի, թեև հաճախ անվնաս անակնկալներ էին։
Նրա բանաստեղծություններն ապաքաղաքական էին, բառի բուն իմաստով` փողոցում գրված, նրանք այդ նույն փողոցի մասին էլ հենց պատմում էին։ Ֆրանսիական պոեզիայի ազդեցությունը զգացվում էր և այն տարիներին չէր ողջունվում հրատարակիչների կողմից, սակայն որոշակի դիտավորյալ «մարգինալությունը» Սլավիկին իրական հռչակ բերեց, եթե ոչ լայն զանգվածների մոտ, ապա իր շրջապատում հաստատ։
Գարեգին Զաքոյանը հիշում է, թե ինչպես մի օր վաղ առավոտյան նրա մոտ եկավ Սլավիկը` պարտքով գումար խնդրելու։ Գարեգինը նրան 10 ռուբլի տվեց, չհարցնելով, թե երբ կվերադարձնի գումարը, քանի որ անիմաստ էր հարցնելը։ Բայց այս անգամ խոսեց Չիլոյանը, ասաց, որ շուտով Լենինյան մրցանակ է ստանալու, այդ ժամանակ էլ կվերադարձնի։ Գարեգինը մրցանակի մասին ասածին ուշադրություն չդարձրեց` կարծելով, որ դատարկ խոսքեր են, շրջվեց մյուս կողմ և կրկին քնեց։ Շուտով, սակայն, պարզվեց, որ Սլավիկը գլուխ չէր գովում` ԽՍՀՄ գլխավոր մրցանակի մասին խոսելիս, այլ հավատում էր, որ մի քանի օրից ստանալու է այդ մրցանակը։
Չիլոյանը Հիսուս Քրիստոսի մասին պոեմ էր գրել։ Բնականաբար, Խորհրդային Միությունում այն տպագրելու հնարավորություն չկար, նույնիսկ եթե բանաստեղծական գլուխգործոց լիներ։ Եվ հանկարծ Սլավիկի գլխում հանճարեղ ու շատ պարզ մի միտք է հղանում` Քրիստոսին փոխարինել Լենինով, մի քանի բառ և աշխարհագրական անվանումներ փոխել` անհեթեթություն չլինելու համար, իսկ մնացածը թողնել նույնը և հանձնել տպագրության։
Միտքը գործի վերածվեց։ Լենինի մասին նոր պոեմով Սլավիկը գնաց ոչ թե ինչ–որ շրջկենտրոնի թերթ, այլ այն ժամանակների ամենագլխավոր «Սովետական Հայաստան»։ Այնուհետև զարմանալի և անհավանական մի բան տեղի ունեցավ։
Լենինի մասին պոեմը խմբագրությունում ոչ ոք չկարդաց, այն անցավ բոլոր ատյանները, գրականության բաժնի վարիչից, գլխավոր խմբագրի տեղակալով, մինչև գլխավոր խմբագիր։ Այն տպագրեցին առանց կարդալու։ Դե Լենինի մասին էր, էլ ինչ կարդան։
Խմբագրությունում չկարդացին, սակայն կարդացին ուրիշները` ամբողջ տպաքանակը։ Անհավանական սկանդալ հասունացավ, թեև որևէ վատ բան Լենինի մասին գրված չէր, միայն թե պրոլետարիատի առաջնորդի կերպարից Հիսուս Քրիստոսի «հոտ» էր գալիս, և խոսում էր առաջնորդը երկու հազարամյա վաղեմություն ունեցող մեջբերումներով։ Այլ որևէ հակախորհրդային բան չկար, բացարձակ։
Թեև Երևանում «Սովետական Հայաստանում» տպագրված հակախորհրդայինի մասին լուրեր շրջանառվեցին։ Չէ՞ որ շատերը չկարդացին, պարզապես լսել էին այդ միջադեպի մասին, սակայն եղան մարդիկ, ովքեր կարդացին և ոչինչ չհասկացան։ Բայց, եթե աշխատանքից հեռացնում են կենտրոնական հանրապետական թերթի ամբողջ խմբագրությանը, նշանակում է անհավանական պետական դավադրություն է եղել։
35-ամյա Սլավիկը մահացավ անհասկանալի ձևով։ «Առագաստ» սրճարանի պատշգամբից ընկավ դատարկ, անջուր լողավազանի մեջ։ Տարօրինակ է, տրամաբանության համաձայն, ինքնասպանն ավելի բարձր տեղ կընտրեր, որ գործը կիսատ չմնար, ոչ թե համեմատաբար ցածր պատշգամբ, որպեսզի չմահանալու պարագայում, հաշմանդամ էլ չմնար։ Գուցե հարբած է եղել և ընկել է, չի բացառվում…
Երրորդ վարկածի մասին, որը ենթադրելի է, նույնիսկ մտածել չենք ուզում։ Նա թշնամիներ չուներ, դա փաստում են բոլոր նրանք, ովքեր անձամբ էին ճանաչում Սլավիկին։