ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. Հայաստանում որոշել են վերադառնալ կարկուտի դեմ պայքարելու հին, բայց փորձված տարբերակին։ Կարկտաբեր ամպերը քշելու համար դարձյալ կսկսեն հրթիռներ կիրառել, ինչպես խորհրդային տարիներին։
Այդ նպատակով Արմավիրի և Արագածոտնի մարզերում արդեն տեղակայվել են ժամանակակից հակակարկտային հրթիռային 3 կայան: Արդեն բերվել են նաև հրթիռներն ու նույնիսկ երկու փորձնական կրակոց է իրականացվել։
Դրանցից առաջինն անթերի է անցել, բայց երկրորդի ժամանակ որոշ տեխնիկական թերություններ են նկատվել։ Ռուս գործընկերները կժամանեն ու կշտկեն դրանք։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ԱԻՆ Հիդրոօդերևութաբանական և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության կենտրոնի պետի տեղակալ Սուրեն Հովսեփյանը։
Թե տեխնիկական ինչ խնդիրների մասին է խոսքը, ԱԻՆ-ում չեն մանրամասնում, բայց հուսով են` ռուս մասնագետները կգան, ամեն ինչ կկարգավորեն։
Ի դեպ, խորհրդային տարիներին էլ հակակարկտային հրթիռներն առանց խնդիրների չէին թռչում։ Ոլորտի հնաբնակները հիշում են, որ կարկտաբեր ամպերը ցրելու փոխարեն դրանք երբեմն սահմանից այն կողմ էին ընկնում։ Բայց քանի որ Թուրքիայի հետ սահմանն այն ժամանակ խորհրդային էր, Թուրքիան խնդիրներ չառաջացնելու համար փորձում էր չնկատել իր տարածքում հայտնված զինամթերքը։
Նոր հրթիռների դեպքում սահմանից այն կողմ հայտնվելու հնարավորությունը հայ մասնագետը բացառում է։
«Այս հրթիռներն աշխարհում լավագույն ցուցանիշներն ունեն։ Դրանց արագությունն ավելի մեծ է, քան «Ալազան» տեսակի հրթիռներինը, այդ պատճառով քամու ազդեցությունը դրանց վրա շատ փոքր է կամ հավասար է զրոյի։ Հրթիռի իրանը պատրաստված է այնպիսի նյութից, որ իր առաքելությունն իրականացնելուց հետո ինքնաքայքայվում է։ Եվ, եթե նույնիսկ այն ընկնի որևէ վտանգ չի ներկայացնում, քանի որ պայթուցիկ նյութեր չի պարունակում»,- ասում է Սուրեն Հովսեփյանը։
Բացի այդ, նրա խոսքով, խորհրդային տարիներին հակակարկտային հրթիռային կայանները կառավարվում էին մարդկանց կողմից, հրթիռներն էլ պայթուցիկ նյութեր էին պարունակում։ Հետևաբար, ոչ միայն մարդկային սխալի հետևանքով թռչում էին անցանկալի ուղղությամբ, այլև ընկնելուց հետո պայթում էին։
«Նոր կայաններն ինքնակառավարվող են, կառավարվում են ռադիոլոկացիոն ավտոմատ համակարգի միջոցով։ Ծրագրում արգելափակված են բոլոր վտանգավոր տարածքները, այդ թվում նաև Թուրքիայի տարածքը»,- ասաց Հովսեփյանը` բացառելով անցանկալի միջադեպերի հնարավորությունը։
Ավտոմատ կառավարվող նորագույն հրթիռային համակարգը Հայաստանում ներդնելու համար անհրաժեշտ է իրականացվել է ռադիոլոկացիոն կայանի հետ աշխատող անձնակազմի ուսուցում։ Արագածոտնի և Արմավիրի հակակարկտային կենտրոններում վերակառուցվել են նույնիսկ հրթիռների պահպանման պահեստները։
«ՀՀ աշխարհագրական և բնակլիմայական պայմաններին հարմարեցնելու ու փորձարարական կրակոցներ իրականացնելու նպատակով հրթիռներ արտադրող գործարանի կողմից մեզ անվճար տրամադրվել են 6 հրթիռ, որոնց միջոցով պետք է փորձնական կրակոցներ իրականացվեն և հասկանան, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ այդ հրթիռները Հայաստան տեղափոխելու, պահելու ընթացքում, քանի որ բնակլիմայական պայմաններից կախված` փոխվում են հրթիռի թռիչքային ցուցանիշները», — պատմում է Սուրեն Հովսեփյանը։
Ռուսաստանից Հայաստան պետք է ժամանեն հրթիռներ արտադրող «Անտիգրադ» ընկերության, Պոլիմերային նյութերի գիտահետազոտական ինստիտուտի և «Իրվիս» ընկերության ներկայացուցիչները: Նրանք կուսումնասիրեն ու կշտկեն փորձարկման ընթացքում արձանագրված տեխնիկական խնդիրները, հետո կայանի փորձարկումները կվերսկսվեն:
Հիշեցնենք` ԱԻՆ-ի պատվերով 2017 թվականին ռուսական «Անտիգրադ» գիտաարտադրական ընկերությունը ուսումնասիրություն էր կատարել Հայաստանի տարածքում, նախանշել կարկտաբեր առավել վտանգավոր տարածքները և կազմել հրթիռային կայանների տեղադրման քարտեզ: Հայաստանի կառավարության որոշմամբ իրականացված հակակարկտային հրթիռային պաշտպանության պիլոտային ծրագրի շրջանակում արդիականացվել է Արագածոտնի ռադիոլոկացիոն կայանը, իրականացվել է անձնակազմի ուսուցում, ձեռք է բերվել հրթիռային 3 կայան և 120 հրթիռ: