Բնական հումքով, բրդյա թելերով, 4մ լայնությամբ, 7մ երկարությամբ խորհրդանշական գորգը`Երևանին

«Երևան 2800» գորգը մեկ տարի շարունակ ցուցադրված կլինի Երևանի պատմության թանգարանի նախասրահում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. «Երևան 2800» գորգը «Էրեբունի–Երևան 2800» տոնակատարությունների շրջանակում նվիրաբերվեց Երևան քաղաքի պատմության թանգարանին։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ «Մեգերյան կարպետ» ընկերության հետ համատեղ «Երևան 2800» գորգի ստեղծման մեկնարկը տրվեց ուղիղ մեկ տարի առաջ, որն ինքնատիպ նվեր պետք է դառնար մայրաքաղաքի հոբելյանին:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Մեգերյան ընտանիքին և գորգագործ բոլոր վարպետներին՝ նվիրված աշխատանքի և նախաձեռնությունը կյանքի կոչելու համար:

«Էրեբունի-Երևան - 2799». համեստ տոն` ճոխ հոբելյանի սպասումով

«Երևանի հիմնադրման 2800-ամյակի առթիվ մենք բազմաթիվ միջոցառումներ ունենք, որի մի մասն էր կազմում նաև «Երևան 2800» գորգի ստեղծումն ու հանձնումը Երևանի պատմության թանգարանին: Շնորհակալություն եմ հայտնում Մեգերյան ընտանիքին, ընկերության գորգագործներին, բոլոր աշխատակիցներին, որ կարողացան ժամանակին ավարտել Երևանի 2800-ամյակին նվիրված այս աշխատանքը: Այսօր մեր սերունդներին ենք փոխանցում ինքնատիպ մի գորգ, որում ներկայացված են Հայաստանի բոլոր 12 մայրաքաղաքները: Եվ, ընդհանրապես, բոլորիս համար իսկապես հպարտություն է, որ մասնակիցն ենք դառնում Երևանի հիմնադրման 2800-ամյակի թե՛ այս և թե՛ բոլոր միջոցառումներին ու նախաձեռնություններին», — նշել է քաղաքապետը:

Բնական հումքով, բրդյա թելերով գործված գորգի լայնությունը 4մ է, երկարությունը՝ 7մ: Հոբելյանական գորգի կենտրոնական դաշտում պատկերված է Երևանի ծննդյան վկայականը՝ ուրարտական շրջանի սեպագիր արձանագրությունը: Գորգի հիմնական խորհրդանշական տարրերն են կենտրոնական դաշտի աջ և ձախ կողմերում գտնվող կերպարները՝ Էրեբունի բերդաքաղաքի հիմնադիր Արգիշտի արքան և նոր Երևանի գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը:

Կենտրոնական դաշտն ամփոփում է նաև Կենաց ծառ խորհրդանշական պատկերը, որը ճյուղավորվում և շարունակվում է՝ վերևում դառնալով սոսու տերև: Դրանք երկուսն էլ խորհրդանշում են կյանքի շարունակականության գաղափարը: Կենտրոնական դաշտում պատկերված են նաև տասներկու մայրաքաղաքները ներկայացնող զարդանախշ տարրեր, որոնք թվագրվում են ըստ իրենց ժամանակաշրջանների: Բացի այդ, գորգի վրա պատկերված են նաև ներկայիս Երևանի կարևորագույն՝ պետական, մշակութային, հոգևոր խորհրդանիշ շենքերը:

«Երևան 2800» գորգը մեկ տարի շարունակ ցուցադրված կլինի Երևանի պատմության թանգարանի նախասրահում: