Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա
Այս օրերին Ապարանում իրարանցում է։ Քաղաքի կենտրոնում ամենուր մուրճի և սղոցի ձայներ են լսվում։ Տեղի բնակիչների և զբոսաշրջիկների աչքի առաջ քարերի հսկայական կտորները կյանք են ստանում, և ինչպես սիրում են ասել քանդակագործները, սկսում են խոսել շրջապատի հետ։
Հայաստանից, Արցախից, Իտալիայից, Հնդկաստանից, Բելգիայից, Ճապոնիայից և Բելառուսից ժամանած 13 վարպետներ են աշխատում այստեղ։ Նրանք հավաքվել են Ապարանում իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսի հրավերով։
«Երբ Ապարանի քաղաքապետարանից հրավեր ստացա կազմակերպելու քանդակի միջազգային սիմպոզիումը, շատ քիչ ժամանակ էր մնում։ Սակայն քաղաքապետարանի աշխատակիցների և հենց քաղաքապետի ոգևորությունը տեսնելով` որոշեցինք փորձել», –Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմում է Վիգենը։
Այդպես, նա հրավիրեց իր ընկերներին մասնակցելու Սարդարապատի և Բաշ- Ապարանի հերոսամարտերի հարյուրամյակին նվիրված սիմպոզիումին, որը կրում էր «Մեր պապերի սխրանքը» խորագիրը։
«Ռիսկի դիմելն արդարացվեց` մեր հրավերին արձագանքեցին քանդակագործներ աշխարհի տարբեր երկրներից։ Նրանք հաճույքով ընդունեցին առաջարկը։ Այնպես ստացվեց, որ նրանց այցը համընկավ Հայաստանի վերածննդի հետ։ Բոլորն ընկերներն են, և միասին Ապարանում մենք սկիզբ դրեցինք քանդակի միջազգային սիմպոզիումին», – ասում է քանդակագործը։
Միջոցառումը մեկնարկել է մայիսի 2-ին և կավարտվի մայիսի 20-ին։ Թուրքական բանակի դեմ տարած կարևորագույն հաղթանակի առթիվ տոնակատարությունը տեղի կունենա Առաջին Հանրապետության օրը`մայիսի 28-ին։
Երբ առաջացավ սիմպոզիումը կազմակերպելու գաղափարը Իտալիայից բնակվող Վիգեն Ավետիսն առաջին հերթին հիշեց իր ընկեր Մասիմո Լիպիին, որն առաջին անգամը չէ, որ ներկայացնում է իր աշխատանքները Հայաստանում։
«Մասիմոն արդեն բավական լավ է ճանաչում Հայաստանն ու հայկական մշակույթը։ Ինձ հետ միասին նա երկու անգամ մասնակցել է Շուշիում կայացած միջազգային սիմպոզիումին, իսկ քառօրյա պատերազմի ժամանակ նա եկավ ինձ հետ` սատարելու մեր զինվորներին։ Սա արդեն նրա հինգերորդ այցն է Հայաստան», – ասում է Վիգենը։
Իտալացի քանդակագործը նաև Վատիկանում լույս տեսնող Avvenire թերթի թղթակից է։ Այս շաբաթ լույս տեսավ Հայաստանի իրադարձությունների և Ապարանում տեղի ունեցող սիմպոզիումի մասին նրա հոդվածը։
«Այնպես որ Հռոմի Պապն այդ ամենը տեսավ Մասիմոյի աչքերով», – ժպտալով պատմում է Վիգենը։
Իտալացի վարպետ Մասիմո Լիպին Ապարանում տուֆից հսկայական սիրտ է քանդակել։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա խոստովանեց, որ սա նրա` սիրտ քանդակելու առաջին փորձն է, որը, սակայն, նա ցանկանում է կրկնել աշխարհի մի շարք մայրաքաղաքներում։
«Չէ՞ որ աշխարհը սիրո կարիք ունի», – ընդգծում է Մասիմոն։
Նրա աշխատանքում Արարատին, Նոյան տապանին, քրիստոնեությանը նվիրված խորհրդանիշեր կան…
«Հայաստանը հազարամյակներով խելքի և սրտի երկիր էր», – ասում է քանդակագործը։
Սիմպոզիումին մասնակցում է նաև նրա որդին` Քրիստոֆերը, որը միջոցառման ամենաերիտասարդ անդամն է։ Նա երկու աշխատանք է ներկայացնում, որոնք ընդհանուր գաղափար ունեն։ Դրանցից մեկը պատկերում է Ապարանի զինվորին, որը բարձրանում է հողից։ Երկրորդը` սառած շունչ։
«Քանդակը խորհրդանշում է անցյալը, հիշողությունը, հաղթանակը, և այն շարժման մեջ է, ոչ թե գտնվում է ստատիկ վիճակում։ Գիտեմ Ապարանի պատմությունը, ինչպես են քաղաքի բնակիչները հաղթանակ տարել թուրքական բանակի նկատմամբ… Ինձ համար շատ կարևոր է այսօր այստեղ գտնվելը։ Բոլորը շնորհակալություն են հայտնում մեզ, որ մենք ընդունել ենք հրավերը, սակայն իրականում այդ ես եմ շնորհակալ ընձեռնած հնարավորության համար` ականատես դառնալու պատմությանը, քանի որ դուք պատմություն եք կերտում այս օրերին։ Սա իմ երախտագիտությունն է ուղղված Ապարանին», – ասում է Քրիստոֆերը Sputnik–ի հետ զրույցում։
Վիգեն Ավետիսն էլ արև է կերտել։
«Սա արև է, Սուրբ հոգի, լույս, ճշմարտություն։ Առանց Սուրբ հոգու ոչինչ չի կատարվում, և այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, նույնպես իրականացավ Նրա օրհնությամբ», – ասում է քանդակագործը։
Հեղափոխության թեմային է անդրադարձել նաև Հնդկաստանից ժամանակ վարպետ Կանտա Կիշորեն, որը մի քանի տարի առաջ մասնակցել է նաև Շուշիում կայացած միջազգային սիմպոզիումին։
«Ես ներկայացրել եմ հեղափոխությունը, որն ավարտվում է հնդիկ աստծու խորհրդանիշով. այն հզորություն, ուժ ու էներգիա է մարմնավորում», – նշեց նա։
Շատ հետաքրքիր քանդակ է ներկայացրել Բելառուսից ժամանած վարպետ Սպարտակ Հարությունյանը։ Նա կին է պատկերել, կնոջ ձեռքերը վանք են կազմում, որտեղից նորածին է դուրս գալիս` կյանքի խորհրդանիշը։ Վարպետի խոսքով` արձանը կարելի է «Վերածնունդ» անվանել։
Խմբի միակ կինը Ճապոնիայի մասնակից Կումիկո Սուզուկին է։ Նա ներկայացրել է լեգենդար հայ արքա Արա Գեղեցիկի կերպարն` իր պատկերացմամբ, որի մազերը ջրվեժի տեսք ունեն։
Վերջում կարելի է ավելացնել, որ ինչպես օտարերկրյա, այնպես էլ հայ քանդակագործների հրաշալի աշխատանքներն արդեն իսկ դարձել են Ապարանի առանձնահատկությունը։ Այստեղ են գալիս տեղի բնակիչները` տեսնելու վարպետների աշխատանքներն ու նրանց հետ զրուցելու։ Այստեղ հաճույքով ժամանակ են անցկացնում նաև զբոսաշրջիկները։ Ինչ վերաբերում է քանդակագործներին, ապա անկասկած, նրանցից յուրաքանչյուրն իր հետ կտանի Հայաստանի այն մասնիկը, որն իրենց աչքի առաջ պատմություն կերտեց։