ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Արցախ կատարած առաջին պաշտոնական այցից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը ներկայացրել է Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը լրագրողների հետ։
-Պարոն նախարար, սա, փաստորեն, Ձեր առաջին պաշտոնական այցն է և առաջին պաշտոնական հանդիպումը Հանրապետության նախագահի հետ: Հետաքրքիր է՝ ինչ եք քննարկել, ինչի շուրջ եք խոսել:
— Մենք խոսել ենք սկզբունքների մասին, խոսել ենք այն մասին, թե ինչ նշանակություն ունի Արցախը Հայաստանի համար, խոսել ենք Արցախի անվտանգության, Արցախի զարգացման մասին:
Խոսել ենք նաև այն մասին, որ Արցախը վերաբերում է ողջ հայությանը, որովհետև մեր ինքնության այս շրջանի պատմության կարևորագույն սյուներից Արցախն ամենակարևորն է: Եվ այդ առումով սա մեր միասնական պատասխանատվությունն է:
Ցանկացած մարդ, ով գտնվում է Արցախում, զգում է, որ այս շրջանում մարդիկ ապրում են յուրահատուկ պայմաններում, և դա չզգալը, անընդունելի է, անկարելի:
Յուրահատուկ պայմաններ են այն առումով, որ կա վտանգ, կա հակառակորդ, կա ֆիզիկական անվտանգության հարց: Եվ մեր համախմբվածությունը և մեր միասնական ուժը վերաբերում է բոլորիս: Սա բոլորիս հարցն է: Այդ առումով է, որ չափազանց կարևոր է լինել այստեղ, զգալ այդ ոգին, այդ պատասխանատվությունը և կրել այդ պատասխանատվությունը:
-Ուրեմն դիվանագիտական ճակատում առաջնահերթությունների շարքում լինելու է Արցախը:
— Եղել է, կա և մնում է: Լինելու է մինչև այն պահը, մինչև որ վստահ չլինենք, ինչպես որ ասացի, որ Արցախի անվտանգությունը, Արցախի զարգացումն ընթանում է իր բնականոն ուղիով: