Հայաստանը Վրաստանի դպրոցներում նոր «էքսպանսիա» է սկսում․ վրացիները դեմ չեն

Հայաստանում արդեն գործում են ավելի քան 220 դպրոցական ինժեներային լաբորատորիա։ Հիմա ուզում են նաև Ջավախքում բացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik, Արամ Գարեգինյան․ Հայաստանում հայտնի «Արմաթ» դպրոցական լաբորատորիաներ կբացվեն նաև Վրաստանում։ «Աջակցություն Ջավախքին» հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մայիսի վերջին ուզում են առաջին «Արմաթը» բացել Ախալքալաքում։

Հայ դպրոցականներն առանց ստեղնաշարի դաշնամուր են հավաքել. տեսանյութ

«Սարքավորումները բերել են, երեխաները մոտ մեկ ամիս է` արդեն զբաղվում են։ Իհարկե, բացման արարողություն կլինի, բայց եթե ամեն ինչ պատրաստ է, թող ժամանակ չկորցնեն», — ասաց Հակոբյանը։

«Արմաթ» դպրոցական լաբորատորիաներում երեխաներին սովորեցնում են ռոբոտ հավաքել և «ուղեղը» (այսինքն՝ հսկիչը) ծրագրավորել, իսկ հետագայում նրանք կհավաքեն նաև հսկիչը։ Նրանց սովորեցնում են աշխատել 3D տպիչներով ու ուսումնական հաստոցներով, որոնք կառավարվում են համակարգիչներով։ Ապագա ինժեներները պետք է հաստոցներին հրահանգներ տան ու դրանց համար ալգորիթմեր գրեն։

Հայաստանի ավելի քան 220 դպրոցում արդեն այդպիսի խմբակներ են գործում ավելի քան հինգ հազար երեխաներ այցելում են այդ խմբակներ։ Հիմնադրամը նպատակ ունի ապագա ինժեներներ պատրաստել Ջավախքի նաև այլ քաղաքներում՝ Ախալցխայում, Ասպինձայում, Նինոծմինդայում։

Վրաստանի կրթության նախարարությունը գիտի այս ծրագրի մասին ու դեմ չէ «արտասահմանյան էքսպանսիային»։

«Վրաստանի կրթության նախարարը գիտի նախագծի մասին։ Նա խնդրել է, որ ինքն էլ ներկա լինի բացմանը, մենք, իհարկե, նրան հրավիրատոմս կուղարկենք»,- ասաց Հակոբյանը։

Ինքնուս դպրոցականը համակարգչային մարտախաղ է ստեղծել

Շատերի համար Ջավախքը ոչ մի կապ չունի ալգորիթմերի և մոդելավորման հետ։ Իրականում այդպես չէ։

«Սկզբում ուզում էինք, որ խմբակում գոնե քսան մարդ հավաքվի։ Բայց մենք դեռ ընդունելություն չենք հայտարարել ու արդեն 160 հայտ ունենք, ամեն օր մոտ տասը հայտ ավելանում է։ Ուրեմն ընդլայնվելու ենք», — ասում է Հակոբյանը։

Հայաստանում «Արմաթ» դպրոցական լաբորատորիաներին աջակցում են մասնավոր ՏՏ-ընկերությունները, պետական բյուջեի ու որոշ դեպքերում դպրոցների տնօրինությունների համաֆինանսավորմամբ։