ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. Նախարարների կաբինետի երիտասարդ կադրերը միայն առավելություն են տալիս երկրին։ Այս մասին Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Երիտասարդները, ի տարբերություն մեծերի, որոշակի արդյունքների հասնելու, իրենց ավելի լավ դրսևորելու մոտիվացիա ունեն։ Բացի այդ, կարծրատիպեր չունեն», — ասաց նա։
Թորոսյանը նշեց, որ նրանց ընտրելիս հաշվի են առել հմտություններն ու պրոֆեսիոնալիմը։
Նախարարն ընդգծեց նաև, որ այսօրվա կառավարությունը պատրաստվում է խորհրդարանական արտահերթ ընտրություններին, բայց չնայած այդ հանգամանքին` նախարարները երկարաժամկետ հեռանկարով են կառավարության ծրագիր պատրաստում։
«Մենք նաև օպերատիվ հարցերի լուծման ծրագրեր կունենանք։ Միաժամանակ մենք բոլոր ոլորտների դեպերսոնիֆիկացիա ենք անցկացնում, որ անկախ այն բանից, կմնանք մենք իշխանության մոտ, թե ոչ, համակարգը հօգուտ երկրի աշխատի», — ասաց Թորոսյանը։
Նա ընդգծեց նաև, որ իր համար դժվար է եղել ընդունել երկրի կարևորագույն ոլորտներից մեկը գլխավորելու առաջարկը։
«Սակայն ես հասկացա, որ հնարավոր է` սա իմ ներուժը Հայաստանի զարգացման համար օգտագործելու իմ միակ հնարավորությունն է», — ասաց Թորոսյանը։
Հիշեցնենք՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով մայիսի 12-ին Արսեն Թորոսյանը նշանակվեց առողջապահության նախարար։ Նախկինում նա ղեկավարում էր «ՄԻԲՍ Երևան» բժշկական կենտրոնը։