Սերգեյ Սկրիպալը դուրս է գրվել Սոլսբերիի հիվանդանոցից

ԳՀՎ նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալը կշարունակի վերականգնվել հիվանդանոցի պատերից դուրս։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալին դուրս են գրել Սոլսբերիի հիվանդանոցից։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով շրջանի առողջապահության վարչությանը։

«Թույլ չենք տա կոծկել «Սկրիպալի գործը»». Վալենտինա Մատվիենկո

Հիվանդանոցի վարչական ղեկավար Կառա Չարզլ-Բարքսը հայտարարել է, որ Սերգեյ Սկրիպալն իրեն բավականաչափ լավ է զգում Սոլսբերիի շրջանային հիվանդանոցը լքելու համար։

Նա նշել է, որ պրոֆեսիոնալ անձնակազմի շնորհիվ Սկրիպալն արագ ապաքինվել է ։

Հայտնի չէ, թե որտեղ է հիմա Սկրիպալը և արդյոք շարունակելու է բուժումը։

Վարչությունից նշել են, որ դուրս գրված հիվանդները գաղտնիության իրավունք ունեն, ուստի բուժման մանրամասները չեն ներկայացվի։

Հիվանդանոցի գլխավոր բուժքույր Լոռնա Ուիլկինսոնը նաև հայտարարել է, որ Սկրիպալը «կվերականգնվի հոսպիտալի պատերից դուրս»։

Վարչությունում պնդել են, որ հոսպիտալից դուրս են գրվել միջադեպի հետ կապ ունեցող բոլոր երեք հիվանդները` Սերգեյ Սկրիպալը, նրա դուստր Յուլյան և ոստիկան Նիկ Բեյլին։

Մեծ Բրիտանիայի իշխանություններն առայժմ թույլ չեն տալիս ռուս դիվանագետներին հանդիպել Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր հետ։

Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի հարաբերությունները կտրուկ սրվել են բրիտանական Սոլսբերիում տեղի ունեցած դեպքի պատճառով։ Հենց այդ քաղաքում են թունավորել Բրիտանիայի հատուկ ծառայությունների համար աշխատող ռուսական հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը` Յուլյային։ Լոնդոնում պնդում են, որ Սրիպալին A234 նյարդապարալիտիկ նյութով թունավորելու գործին մասնակցել է Ռուսաստանը, մինչդեռ Ռուսաստանը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը` հիշեցնելով, որ Սոլսբերիի մոտակայքում է գտնվում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության քիմիական լաբորատորիան։