Եվրոպան սկսում է պաշտպանվել Ամերիկայից. «անհնազանդության» շղթայական ռեակցիա

Եկավ ուրբաթը, իսկ դրա հետ մեկտեղ` բավական անսպասելի նորություններ։ Եվրահանձնաժողովը Իրանում ամերիկյան պատժամիջոցներից ԵՄ ընկերությունները պաշտպանելու միջոցների փաթեթ է ընդունել։ Այդպիսով, մեկնարկել է այդ պատժամիջոցների իրավաբանական ազդեցությունը Եվրամիության տարածքում չեղարկելու գործընթացը։
Sputnik

Եվրահանձնաժողովի հայտարարությունում ասվում է, որ այն «միջոցներ է ձեռնարկել եվրոպական ընկերությունների շահերը պաշտպանելու համար, որոնք ներդրումներ են կատարում Իրանում և հավատարմություն ցուցաբերում եվրոպական պարտավորությունների նկատմամբ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի կատարման հարցում», ընդ որում` դա միայն առաջին փաթեթն է, որը գործարկում է Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների արգելափակումը։

Ինչպես Հայաստանի վրա կանդրադառնան Իրանի նկատմամբ պատժամիջոցները

«Արգելափակող կանոնակարգն արգելում է ԵՄ ընկերություններին կատարել ԱՄՆ–ի պատժամիջոցները, թույլ է տալիս դատական կարգով փոխհատուցել երրորդ անձանց գործողություններից ծնված կորուստները, որոնք կիրառում են այդ պատժամիջոցները և չեղարկում ԵՄ տարածքում ԱՄՆ–ի պատժամիջոցների կատարման վերաբերյալ ցանկացած արտասահմանյան դատական որոշումների ազդեցությունը», – ասվում է հայտարարությունում։

Եվրոպան ծանուցել է իր հետագա քայլերի մասին։ Երկրորդ փուլում ենթադրվում է Եվրոպական ներդրումային բանկի կողմից հեշտացնել ֆինանսավորման և Իրանում եվրոպական նախագծերի երաշխիքների տրամադրման կարգը։

Երրորդ կետն ամենահետաքրքիրն է, որից անդրօվկիանոսյան «շեֆին» սկզբունքորեն դիմակայելու հոտ է փչում։ Այստեղ նախատեսվում է համակողմանի տնտեսական գործընկերության ակտիվացում, այդ թվում` էներգետիկայի ոլորտում։

«Որպես վստահությունն ամրապնդելու միջոց` Եվրահանձնաժողովը կշարունակի Իրանի հետ հատվածային համագործակցությունն ուժեղացնել և նրան աջակցություն ցուցաբերել, այդ թվում` փոքր և միջին ձեռնարկությունների համար։ Որպես առաջին քայլ` էներգետիկայի և կլիմայի հարցերով եվրահանձնակատար Միգել Արիաս Կանյետեն արդեն այս հանգստյան օրերին կայցելի Թեհրան», – ասվում է ԵՄ հայտարարությունում։

Եվ, վերջապես, Եվրահանձնաժողովը մտադիր է խորհուրդ տալ երկրներին ուղիղ` առանց արտասահմանյան միջնորդ բանկերի, վճարումների համակարգ մշակել Իրանի Կենտրոնական բանկում,  ինչը թույլ կտա վճարումներ իրականացնել (օրինակ` էներգակիրների առաքման վճարը) ԱՄՆ–ի կողմից ֆինանսական պատժամիջոցներ սահմանելու դեպքում։ Այդ դեպքում Եվրոպայի հետ Իրանի առևտուրը կկատարվի եվրոյով։

Իսրայելը կարող էր Ադրբեջանի միջոցով գաղտնի տեղեկություններ ստանալ Իրանի մասին

Եվրոպայի ու ԱՄՆ–ի համաձայնության բացակայությունը, ավելին` արդեն հակասությունը, հավանաբար, կհանգեցնի նրան, որ նաև մյուս երկրները, որոնք չեն մտնում ԵՄ կազմի մեջ, կհրաժարվեն կատարել պատժամիջոցների պահանջները։ ԵՄ անհնազանդությունը կարող է սադրել ԱՄՆ–ի պատժամիջոցների տակ գտնվող երկրներին և նրանց, որոնք շանսեր ունեն ապագայում հայտնվելու դրանց տակ։ Ահա և Վաշինգտոնի համար տհաճ անհնազանդության շղթայական ռեակցիա։

Այդ դեպքում Ամերիկային մնում է ընտրել երկու տարբերակներից մեկը, ընդ որում երկուսն էլ իր համար բացահայտ վատն են։ Առաջինը` նահանջել հակաիրանական որոշումներից, ինչը հզոր հարված կհասցնի ԱՄՆ–ի հեղինակությանը։ Երկրորդը` լրացուցիչ պատժամիջոցներ ներմուծել արդեն ընկերությունների և բանկերի դեմ, որոնք կմասնակցեն իրանական էներգակիրների առք ու վաճառքին։

Երկրորդ դեպքում գրեթե անխուսափելի են նավթի շուկայի անկանխատեսելի հետևանքները։ Իսկ հատկանշականն այն է, որ ամեն դեպքում Իրանն ավելի շատ ազատություն է ստանում իր միջուկային հետազոտություններում։

Ճիշտ է, ամեն ինչ պարզ է միայն թղթի վրա, իրականում Եվրոպան ստիպված կլինի շատ ջանքեր գործադրել` հաջողության հասնելու համար։ Թեկուզ այն պատճառով, որ շատ խոշոր եվրոպական կոնցեռներ կարող են վախենալ ամերիկյան շուկայում իրենց հատվածը կորցնելուց և կնախընտրեն չկապվել Իրանի հետ` սպասելով լավագույն ժամանակների։ Եվ դա տեսանելի հնարավոր վտանգներից միայն մեկն է։

Սովորաբար,Ա ասելուց հետո ասում են նաև Բ, իսկ նահանջողը վտանգում է կորցնել դեմքը։ Հիմա դժվար է ասել, թե որքան հեռու կգնան ԱՄՆ–ը և Եվրոպան իրենց դիմակայությունում։ Կարելի է միայն հուսալ, որ նույնիսկ Թրամփը, որն արհամարհում է մերձավոր դաշնակիցների կարծիքը, ամեն դեպքում չի գնա խնդիրը լուծելու ռազմական ճանապարհով։

Թրամփն ունի խորհրդականներ և գոնե նրանք պետք է խելք ունենան հասկանալու, որ Իրանի վրա ուղիղ ռազմական ճնշում գործադրելու փորձն ապրիորի ձախողված է։