ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Լոնդոնի «Արսենալի» նոր մարզիչը, հետևաբար հայկական ֆուտբոլի աստղ Հենրիխ Մխիթարյանի ղեկավարը կարող է դառնալ լեգենդար հարձակվող Թիերի Անրին։ Ակումբի ղեկավարությունը մտադիր է նրա հետ բանակցություններ սկսելել հաջորդ շաբաթվա սկզբին, հայտնում է Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ այս խաղաշրջանի ավարտին «զինագործների» անփոխարինելի մարզիչ Արսեն Վենգերը, որը ավելի քան 20 տարի ղեկավարում էր թիմը, լքեց պաշտոնը։ Թիերի Անրին Լոնդոնի թիմում աշխատել է 1999-2007 թվականներին։
Ինչպես գրում է աղբյուրը, ակումբի ղեկավարությունն ամեն ինչ անում է Վենգերին արժանի փոխարինող գտնելու համար։
Թափուր տեղի հիմնական թեկնածուն «Մանչսեթեր Սիթիում» Խոսեպ Գվարդիոլայի օգնական ու «Արսենալի» նախկին խաղացող Միկել Արտետան է։ Նրա թեկնածությունը սատարում են Իվան Գազիդիսն ու «զինագործների» սեփականատեր Սթեն Կրոնկեի որդին` Ջոշ Կրոնկեն։
«Արսենալի» ղեկավարները արդեն բանակցել էին թիմի մեկ այլ նախկին խաղացող Պատրիկ Վիերի հետ, բայց վերջնական որոշում ընդունելուց առաջ ուզում են լսել Անրիի կարծիքը։
Այս պահին Անրին Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի օգնականն է։ Ավելի վաղ նա բազմիցս հայտարարել է, որ երազում է «Արսենալի» մարզիչ դառնալ։
Նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա Ռուսաստանում կայանալիք Աշխարհի առաջնությունից առաջ։