Բանը հասավ նրան, որ միջամտեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` կոչ անելով դադարեցնել այդ ակցիաները և անցնել ինստիտուցիոնալ մեթոդների կիրառման։
«Կոչ եմ անում դադարեցնել բոլոր ցույցերը, որպեսզի մենք հնարավորություն ունենանք ինստիտուցիոնալ ճանապարհով քննարկելու բոլոր առկա խնդիրները։ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջն է դրված` կքննարկենք, գլխավոր դատախազի հրաժարականի պահանջը ևս կքննարկենք։ Կանենք հնարավոր և անհնար ամեն բան։ Մենք պետք է համագործակցենք», — ցուցարարներին դիմեց վարչապետը։
Հայաստանում փողոց փակելու ավանդույթը վաղուց է առաջացել, վերջին օրերի նորամուծություն չէ։ Միայն թե այն ժամանակ փակում էին ոչ թե քաղաքի փողոցները, այլ հանրապետության բնակավայրերը միացնող ճանապարհներն ու մայրուղիները։ Այդպես էին բողոքում գյուղացիները, որոնք դժգոհ էին իրենց արտադրանքի գնման գներից, չինովնիկներից ու նրանց գործողություններից։
Սակայն վերջին ժամանակաշրջանում իրենց վրա ուշադրություն հրավիրելու համար այս միջոցին են դիմում գրեթե բոլորը։ Ցույցեր են անցկացնում` պահանջելով քաղաքապետի հրաժարականը, ցույցեր են անցկացնում «Սասնա ծռերի» կողմնակիցները, զինկոմիսարիատների աշխատակիցների կրճատումից դժգոհողները, «Նաիրիտի» աշխատակիցները, տաքսու վարորդները… Եթե այսպես շարունակվի, շուտով կսկսեն փողոցներ փակել տան ջրամատակարարումը մեկ օրով դադարեցնելու կամ մի քանի օր աղբահանություն չիրականացնելու համար։
Խնդիրն այն չէ` արդա՞ր են ցուցարարների պահանջները, թե ոչ, այլ բողոքն արտահայտելու ձևը։ Երևանի կարևոր պողոտաներից մեկի փակումը կարող է անկանխատեսելի հետևանքների պատճառ դառնալ, այդ թվում` վտանգել քաղաքի և նույնիսկ երկրի անվտանգությունը։ Չխոսենք այն մասին, որ եթե մենք մտադիր ենք ժամանակակից և հնարավորության սահմաններում արդար ու ազատ նոր հասարակություն կառուցել, ապա ժողովրդավարական գործընթացներում անարխիա մտցնելը որոշակի փուլում անթույլատրելի է դառնում։
Պահանջները կարող են հազար անգամ արդար լինել, բայց դրա համար չի կարելի անհարմարություն պատճառել հազարավոր երևանցիներին, որոնց թվում ոչ միայն երիտասարդներ ու առողջ մարդիկ կան, այլև երեխաներ, մեծահասակներ և հաշմանդամներ։ Դու համարում ես, որ քաղաքապետն արժանի չէ այդ պաշտոնին` գուցե, բայց հենց այդ նույն պահին հնարավոր է` շտապօգնության ավտոմեքենան չի կարողանում հասնել մի մարդու մոտ, որի համար յուրաքանչյուր վայրկյանը կարող է ճակատագրական լինել։
Կամ մեկ ժամ խցանումներում հայտնված ավտոբուսում կարող է վատանալ հղի կինը։ Կամ, աստված մի արասցե, դաժան սպանություն է տեղի ունեցել, իսկ ոստիկանները հետապնդում են մարդասպանին, և փակ փողոցի պատճառով չեն կարողանում բռնել նրան, իսկ հանցագործը չի սպասելու, թե երբ են բացելու փողոցները և հաջողությամբ խուսափելու է պատժից։
Կասեք, թե «Շտապօգնության» մեքենաներին ճանապարհ են բացում։ Բացում են, բայց միայն այնտեղ, որտեղ այդ պահին բողոքի ակցիա է ընթանում։ Իսկ եթե մեքենան խցանումների մեջ է հայտնվել, որն առաջացել է հենց այդ ակցիայի պատճառով ակցիայի վայրից երկու թաղամաս այն կողմ։
Քաղաքապետին (և նրա նախորդներին), Նարեկ Սարգսյանին և մի շարք այլ մարդկանց ուղղված հարցեր շատ են կուտակվել, բայց եթե մենք մեծամասնության վստահությունը վայելող իշխանություն ենք ձևավորում, ապա եկեք գործենք նրա միջոցով։
Փողոցային ակցիաների միջոցով հնարավոր չէ ստանալ այն հարցի պատասխանը, թե ինչու էին, օրինակ, երկու ամիս շարունակ փոխում Փակ շուկայի մոտ գտնվող ստորգետնյա հատվածի խողովակները։ Այդ հարցը պետք է հասցեագրվի մասնագետներին, որոնք կա՛մ կհիմնավորեն, որ այդ աշխատանքները հնարավոր չէր կատարել ավելի կարճ ժամանակում, կա՛մ կպարզեն, որ այդքանը կարելի էր 5 օրում անել։ «Նաիրիտի» հարցը ևս փողոցում չի լուծվելու։
Հասկանալի է, որ փակ փողոցը ուշադրություն է հրավիրում, բայց քաղաքացիական անհնազանդության մեթոդով տեղային հարցեր լուծելու փորձերը սկսում են վարկաբեկել նոր իշխանությանը, որը, կարծես, լի է երկրում կարգուկանոն հաստատելու վճռականությամբ։
Եվ նման իրավիճակն արդեն դուր չի գալիս հենց այդ նոր իշխանությանը, այլապես հինգշաբթի վարչապետ Փաշինյանը համապատասխան ուղերձ չէր հղի հանրությանը։