Ինչու՞ են սևանցիները բողոքում. Մայր Աթոռի պարզաբանումը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը պարզաբանում է տարածել Սևանի թերակղզու մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի և դրա ժամանակ հնչած մեղադրանքների առնչությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Մայիսի 16-ին Սևանի թերակղզու մուտքի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ մեղադրանքներ են հնչել Հայ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հասցեին։ Մայր Աթոռն այդ կապակցությամբ պարզաբանում է ներկայացրել։

«Ժամանակին Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցից մինչև լողափ ընկած աջակողմյան հատվածը ՀՀ Կառավարության որոշմամբ սեփականության իրավունքով հատկացվել է դպրանոցին, և հետագայում ՀՀ Կառավարության պահանջի հիման վրա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից այն տրամադրվել է նախագահական հանգստավայրին` իբրև անվտանգության գոտի և անցակետ»,- նշված է պարզաբանման մեջ։

Ինչ վերաբերում է ձախակողմյան հատվածում գտնվող ավտոկանգառին, Եկեղեցին այն ձեռք է բերել ռեստորանի շենքի հետ մեկտեղ, որը ծառայում էր իբրև ճեմարանականների ճաշարան:

Բողոքող Երևանը կամ ինչպես Նիկոլ Փաշինյանը վերջակետ դրեց

«Ավտոկանգառը Եկեղեցին ծառայեցնում է Ս. Առաքելոց վանք և դպրանոց այցելուների համար, սակայն այնտեղ ապօրինաբար հաստատված անհատ վաճառականների տաղավարները որևէ առնչություն չունեն Եկեղեցու հետ, և այդ խառնաշփոթը կարգավորելու բոլոր ջանքերն առ այսօր որևէ արդյունք չեն տվել»,- նշում է Մայր Աթոռը:

Հիշեցնենք, որ նախօրեին սևանցիները փակել էին Սևանի թերակզու մոտակայքում գտնվող ճանապարհը` բողոքելով, որ 6 տարի առաջ իրենցից վերցրել են իրենց վարձակալած տարածքներն ու վարձակալման են տվել այլ կազմակերպության: Ինչպես ներկայացրել էին ցուցարարները, պետությունն այդ տարածքներն անվարձահատույց տվել է ՀԱԵ-ին: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին այդ տարածքները վերադարձնել Սևան համայնքին: