ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Հայաստանի իշխանափոխությունը կապիտալի ներհոսքի նոր հեռանկարներ է բացում, համոզված է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:
Նրա խոսքով` թեև նոր կառավարությունը, ըստ էության, դեռ ձևավորման փուլում է, ու դեռ վաղ է կոնկրետ կանխատեսումներ անել, այնուամենայնիվ, արտասահմանյան գործընկերների շարքում դրական տրամադրվածություն կա։
«Հայաստանում յուրահատուկ գործողություններ տեղի ունեցան։ Մեզ մոտ խաղաղ, «թավշյա հեղափոխություն» է։ Եթե տնտեսական բաղադրիչը դիտարկենք, ապա հեղափոխությունը պետք է բարձրացնի մրցունակությունը տնտեսության մեջ։ Մենք մեր արտասահմանյան գործընկերներին համապատասխան ուղերձներ ենք հղում։ Հուսով ենք` առաջիկայում դրական արդյունքներ կունենանք», – հավելեց Ղազարյանը։
Նրա խոսքով` միջազգային համայնքն, ընդհանուր առմամբ, դրական է գնահատում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, երկիրը «ժողովրդավարության կղզյակի» համբավ ունի։ Պետք է այդ ամենը կապիտալիզացնել` հաջող բիզնես գործունեության ու հայկական սփյուռքից ու մնացած աշխարհից ներդրումների գրավման համար։
Այսօր Երևանում ընթանում է Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) բիզնես–խորհրդի տնօրենների նիստը։ Այս տարվա հունվարի մեկից տնօրենների խորհուրդը գլխավորում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահը։
Ղազարյանը խոստովանեց, որ ՍԾՏՀ շրջանակում բիզնես համագործակցության մակարդակը դեռ չի բավարարում կողմերին` հաշվի առնելով, այդ թվում նաև տարածաշրջանի հակամարտությունները, սակայն արդեն հաջող գործունեության օրինակներ էլ կան։ Ամենաարդյունավետ կառույցներից է Սևծովյան առևտրի և զարգացման բանկը, որը մի շարք նախագծեր է իրականացնում նաև Հայաստանում։
«Մենք դրական են գնահատում նաև ՍԾՏՀ երկրների արտգործնախարարների պարբերաբար տեղի ունեցող հանդիպումները։ ՍԾՏՀ տարածքում հակամարտությունների ու տարաձայնությունների պայմաններում բիզնեսը շփման միակ արդյունավետ ուղին է», – ասաց Ղազարյանը։
ՍԾՏՀ –ի գործունեության արդյունքներից մեկն այն է, որ Թուրքիան ժամանակին թույլ տվեց իր տարածքից հայկական ապրանքների տարանցում իրականացնել։ Եվս մեկ հաջողության օրինակ է Հայաստանից Ռուսաստան (ու հետ վրացական ճանապարհով 2008 թվականի պատերազմի ժամանակ) իրականացվող անխափան բեռնափոխադրումները։ Ղազարյանը կարծում է, որ այս դեպքում ՍԾՏՀ –ն «անվտանգության բարձիկի» դեր է կատարում։