Փաշինյանին կփոխարինի Սիմոնյանը. ԿԸՀ-ն նոր պատգամավորներին հանձնեց մանդատները

Ազգային ժողովը 6 նոր պատգամավոր ունի, պատգամավորական մանդատներն արդեն տերեր ունեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Նիկոլ Փաշինյանի մանդատը կհասնի «Ելք» դաշինքի ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Ալեն Ռոբերտի Սիմոնյանին։

Ի՞նչ խնդրի է բախվելու Նիկոլ Փաշինյանը. նոր կաբինետի հնարավորությունները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 16-ին անցկացված արտահերթ նիստում կայացրեց մի շարք որոշումներ՝ մանդատներ հանձնելով նոր պատգամավորներին՝ Հովիկ Աղազարյանին, Հրաչյա Հակոբյանին և Ալեն Սիմոնյանին, Հայկ Կոնջորյանին՝ «Ելք»-ից, Հակոբ Հակոբյանին՝ ՀՀԿ-ին, Ռուզաննա Առաքելյանին՝ ՀՅԴ-ից:

ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ելք» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Արայիկ Հարությունյանի գրանցումը՝ հաշվի առնելով ինքնաբացարկի մասին նրա դիմումը:

Բացի այդ, հանձնաժողովը քննեց և ընդունեց Երևանի ավագանու ՀՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուներից Գրիգոր Սարգսյանի, Կարինե Մեհրաբյանի և Կարապետ Միրաքյանի ինքնաբացարկի դիմումները:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմեց արձանագրություններ Ազգային ժողովի «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 1, 3, 4 տարածքային ընտրական ցուցակներից ընտրված և լիազորությունները դադարած պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Մանե Թանդիլյանի մանդատները համապատասխանաբար առավելագույն ձայներ հավաքած հաջորդ թեկնածուներ Հովիկ Աղազարյանին, Հրաչյա Հակոբյանին և Ալեն Սիմոնյանին տալու վերաբերյալ:

Փաշինյանի նոր նախարարները․ ովքե՞ր են նրանք

«Ելք» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած Արտակ Զեյնալյանին էլ կփոխարինի Հայկ Կոնջորյանը:

ՀՀԿ խմբակցության պատգամավորի լիազորությունները վաղաժամ դադարեցրած Գրիգոր Ավալյանի մանդատը փոխանցվել է Հակոբ Գառնիկի Հակոբյանին:

ՀՅԴ խմբակցության պատգամավորի լիազորությունները վաղաժամ դադարեցրած Աղվան Վարդանյանի մանդատը տրվել է ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Ռուզաննա Առաքելյանին: