ՏՏ համաշխարհային համաժողով Երևանում. 80 երկրի 4500-ից ավելի պատվիրակ

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը լինելու է կառավարության առաջնահերթություններից մեկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) նախագահ Իվոն Չունին և գլխավոր քարտուղար Ջիմ Պոյզանթին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2019 թվականին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies-WCIT) կազմակերպմանն առնչվող հարցեր:

Զրոյից ծրագրավորողներ. ինչպես են 40 երիտասարդները ստեղծում Հայաստանի ՏՏ–մայրաքաղաքը

Վարչապետը կարևորել է համաժողովի անցկացումը մեր երկրում և ընդգծել, որ կառավարությունը կգործադրի բոլոր ջանքերը այն բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը լինելու է կառավարության առաջնահերթություններից և համոզմունք հայտնել, որ այս բնագավառը կդառնա տնտեսությունն առաջ մղող շարժիչ ուժերից մեկը:

Նիկոլ Փաշինյանը և Իվոն Չուն պայմանավորվել են ձևավորել համատեղ աշխատանքային խումբ, որը կսկսի համաժողովի պատշաճ կազմակերպման աշխատանքները: Տիկին Չունն ընդգծել է, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսը շահագրգռված է ՀՀ կառավարության հետ սերտ փոխգործակցությամբ և ներկայացրել Թայվանի փորձը՝ համաժողովի կազմակերպման ուղղությամբ:

Համաժողովին նախատեսվում է մոտ 80 երկրի 4500-ից ավելի պատվիրակների մասնակցություն։