Ցուցարարները ներխուժել են Երևանի քաղաքապետարան, պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը

Ցուցարարները, որոնք բողոքում են Երևանի կենտրոնում վերանորոգվող այգու ծառերը հատելու դեմ, նախ քաղաքապետարանի մուտքը փակեցին հատված ծառերի ճյուղերով, հետո ներխուժեցին շենք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Մի քանի տասնյակ ցուցարարներ այս պահին ներխուժել են Երևանի քաղաքապետարան և պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։

Սկզբում ցուցարարները պահանջում էին հանդիպել Տարոն Մարգարյանի հետ, հետո սկսեցին բանակցություններ վարել քաղաքապետարանի տարբեր աշխատակիցների, վարչությունների ղեկավարների, փոխքաղաքապետի հետ, ավելի ուշ պահանջեցին հանդիպել Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ։

Ցուցարարների խմբի առաջնորդներից մեկն ակտիվիստ Վաչե Ղարիբյանն է։ Նա հայտարարեց, որ ցուցարարների հիմնական պահանջը Մարգարյանի հրաժարականն է, որը «բոլորին հոգնեցրել է»։

Ղարիբյանը հայտարարեց, որ ապրիլին Տարոն Մարգարյանն էր մարդ ուղարկել Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներին ծեծելու։ Նրա խոսքով` քաղաքապետը բիզնեսներ ունի և իր հարազատներին տարբեր պաշտոններ է տվել։

1 / 2
Ցուցարարները ներխուժել են Երևանի քաղաքապետարան
2 / 2
Ցուցարարները ներխուժել են Երևանի քաղաքապետարան