Ստեփանակերտից Շուշի` ճոպանուղիով

Ստեփանակերտից Շուշի առաջիկայում հնարավոր կլինի հասնել ճոպանուղիով։ Նախագիծը պատրաստ է, շինարարության գումարը` բարեգործական միջոցներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից մինչև Շուշի կկառուցվի ճոպանուղի։ Այս մասին այսօր, «Արցախպրեսի» փոխանցմամբ, Արցախի խորհրդարանում հայտնել է ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանը` 2017 թվականի պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ։

Երևանում նոր ճոպանուղի կկառուցվի՞

Նրա խոսքով, ճոպանուղին ծառայելու է ոչ միայն որպես Ստեփանակերտ-Շուշի տրանսպորտային միջոց, այլև զբոսաշրջության խթան է հանդիսանալու։

«Շուշիում նախատեսում ենք նաև ունենալ ժամանակակից հանգստի գոտի, որտեղ լինելու է երեխաների համար ատրակցիոնների հարուստ ձևավորում: Զբոսաշրջության համար մեծ աշխատանք է տարվում ենթակառուցվածքների սպասարկման ոլորտը տեղանքին հարմարեցնելու ուղղությամբ, ինչը բերելու է փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը: Ծրագրի արդյունքում ակնկալվում է, որ ավելանալու է Արցախ այցելող զբոսաշրջիկների թիվը և նրանց մնալու օրերի քանակը»,- ասել է Հարությունյանը:

Ստեփանակերտ-Շուշի ճոպանուղու նախագծային աշխատանքներն այս պահին ավարտման փուլում են։ Իսկ շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել առաջիկայում՝ բարեգործական միջոցներով: