Հայկական ազգանունով վետերանին թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան

Ադրբեջանն «այլ պատճառներով» արտաքսել է 81–ամյա կնոջը` Հայրենական մեծ պատերազմի վետերանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Ադրբեջանական իշխանություններն արտաքսել են Բաքվի օդանավակայանում վայրէջք կատարած վետերան Օլգա Բարսեղյանին։ Այս մասին հայտնում է Ֆոնտանկան։

Ռուսաստանի տարեց քաղաքացին, որը ծնվել է Լենինգրադում, Բաքու է մեկնել մայիսի 13-ի առավոտյան։

Հայերը կարող են նվազեցնել Ադրբեջանի բնակիչների թիվը

Հեյդար Ալիևի անվան հանրապետական օդանավակայանի սահմանային հսկողության կետում ուղևորի արտասահմանյան անձնագիրն ուսումնասիրելուց հետո նրան մի կողմ են տարել և արտաքման ակտ կազմել` որպես հիմք նշելով «այլ պատճառները»։ Թռիչքից 11 ժամ հետո Օլգա Կառլոսովնային Մոսկվա մեկնող ինքնաթիռ են նստեցրել։

Բարսեղյանը ծնվել է Լենինգրադում, եղել է շրջափակման մեջ, Հայրենական մեծ պատերազմի վետերան է, բնակվում է Պետերբուրգում։

Պաշտոնապես Բաքուն չի հաստատում հայկական ծագում ունեցող անձանց Ադրբեջանի տարածք մուտք գործելու արգելքը, բայց նման փորձ գոյություն ունի։

Ավելի վաղ նույն ճակատագրին էր արժանացել Էստոնիայի քաղաքացի, Թալինի քաղաքային խորհրդի նախագահի խորհրդական և Էստոնիայի Ցենտրիստական կուսակցության երիտասարդական թևի նախագահ Կարինե Հովհաննիսյանը։

Սահմանային ծառայությունը և ադրբեջանցի փոխադրողները որպես կանոն ասում են, որ արտաքսումը կամ ինքնաթիռից օգտվելու արգելքը կապված է անվտանգության հետ։

Նրանք նաև մերժում են Ադրբեջան մտնել ցանկացած պետության քաղաքացու, որը եղել է Արցախում։ Օրինակ կարող է ծառայել բլոգեր, ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինի պատմությունը։

Պաշտոնական Բաքուն ընդունում է միայն իրեն պիտանի հայերին, որոնց նա օգտագործում է քարոզչական նպատակներով։