ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Սելահաթին Դեմիրթաշին որպես Թուրքիայի նախագահի թեկնածու առաջադրած «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ-HDP) առաջարկում է առանց նախապայմանների բացել Հայաստանի հետ սահմանը։
«Հայաստանի հետ տնտեսական, քաղաքական ու դիվանագիտական հարաբերությունների զարգացման համար պետք է վերացնել տնտեսական շրջափակումը։ Մենք սահմանն առանց նախապայմանների կբացենք։ Մենք աջակցելու ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորմանը», — նշվում է հայտարարության մեջ։
Ընդդիմադիր քրդամետ կուսակցության նախկին առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշին առաջադրել են նախագահի թեկնածու, թեև նա ազատազրկված է ահաբեկչության մեղադրանքով։
Ըստ մի շարք փորձագետների` Դեմիրթաշը կարող է իր շուրջ միավորել ոչ միայն քրդերին, այլև այն թուրքերին, որոնք չեն հավատում, որ այլ ընդդիմադիր կուսակցությունները կարող են դիմադրություն ցույց տալ Էրդողանին։
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության»` հայկական ծագում ունեցող պատգամավորն ու նույն կուսակցության ևս 7 խորհրդարանական զրկվելու են պատգամավորական անձեռնմխելիությունից։
Զանգվածային ճնշումները Թուրքիայում սկսվեցին 2016 թվականի հուլիսի անհաջող պետական հեղաշրջումից հետո։ Խռովարարությանը մասնակցելու մեղադրանքով տասնյակ հազարավոր մարդիկ են ձերբակալվել։ Տվյալ պահին ազատազրկման մեջ են քրդամետ կուսակցության առաջնորդներ Սելահաթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը։ ԺԴԿ-ի պատգամավոր Լոզգին Բոթանը դատապարտվել է 18 տարի ազատազրկման։