Նա պետք է հեռանա. ցուցարարները շարունակում են պահանջել քաղաքապետի հրաժարականը

Երևանի քաղաքապետարանի մոտ այսօր կրկին բողոքի ակցիա է։ Պահանջը նույնն է` քաղաքապետի հրաժարական։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Ընդդեմ քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման բողոքի ակցիան այսօր շարունակվում է։ Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց կրկին հավաքվել են բողոքի մասնակիցներն ու պահանջում են քաղաքապետի հրաժարականը։

Տարոն Մարգարյանը չբացառեց, որ կաշխատի Փաշինյանի կառավարության օրոք

Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկում են «դեմն առնենք Տարոնի», «Տարոն, հեռացիր»:

Ցուցարարների շարքերում են գերակա շահ ճանաչված տարածքների բնակիչները։ Նրանք նշում են, որ իրենց խոստացել են բնակարաններ տրամադրել, բայց չեն տվել:

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը ևս ցուցարարների մոտ է: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ Երևանի ավագանու նոր ընտրություններ պետք է անցկացվեն, բայց ԱԺ ընտրություններին զուգահեռ:

«Եթե երկրի վարչապետը ՀՀԿ նախագահն է և հրաժարական է տալիս, նշանակում է՝ իր թիմը պետք է հրաժարական տար: Սա կլիներ շատ բարոյական։ Անգամ, եթե Տարոն Մարգարյանը լիներ իդեալական քաղաքապետ, պետք է հրաժարական տար»,- նշեց Բախշյանը: