Ի՞նչ են նկարում շարժական տեսախցիկները. ՀՀԿ-ն դեմ է անձնական կյանքի իրավունքը խախտելուն

ՀՀԿ-ն դեմ չէ շարժական տեսախցիկներին, բայց դեմ է դրանց աշխատաոճին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Շարժական տեսախցիկները կարող են խախտել մարդու անձնական կյանքի գաղտնիությունը: Այսօր ԱԺ-ում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը:

ՀՀԿ պատգամավորներն առաջարկում են արգելել շարժական տեսանկարահանող սարքերը

«Սա անձնական կյանքի իրավունքի խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի տեսակետից, խախտում է նաև այն իմաստով, որ նախապես չի զգուշացվում, թե այստեղ նկարահանվում է, և դու հնարավորություն չես ունենում սահմանափակել քո անձնական կյանքի գաղտնիությունը, խախտվում է անձնական կյանքի գաղտնիության սկզբունքը»,- ասաց Կոստանյանը:

ՀՀԿ պատգամավորը, սակայն, չբացառեց, որ հնարավոր է այդ տեսախցիկների առկայության մասին նախապես զգուշացնելու որևէ տարբերակ ընդունվի:

«Այդ տեսախցիկները ոչ միայն ճանապարհային երթևեկության խախտումներն արձանագրելու համար են, այլև հանցավորության դեմ պայքարի, քանի որ բազմաթիվ հանցագործություններ բացահայտվում են հենց այդ նկարահանումների շնորհիվ»,- ասաց նա:

Այդ է պատճառը, որ ՀՀԿ-ն կտրուկ դեմ չէ, բայց հարց է բարձրացնում ապահովել մարդու անձնական կյանքի իրավունքը։

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն այսօր հայտնել էր, որ շրջանառության մեջ է դրվել իր և պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Գևորգ Կոստանյանի, Անդրանիկ Հարությունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որի հիմքում ընկած են բազմիցս բարձրաձայնված մտահոգություններ առ այն, որ կա խնդիր Սահմանադրությամբ ամրագրված անձնական կյանքի անձեռնմխելիության, անձնական տվյալների պաշտպանության պահանջների հետ, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ճանապարհային ոստիկանության ծառայողը չի ապահովում պատշաճ ծանուցումը։