ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. 2017թ-ին Հայաստանում գրանցված հանցագործություններն աճել են 8.1%-ով՝ 2016-ի համեմատ: Այս մասին, այսօր ԱԺ-ում, ներկայացնելով ՀՀ գլխավոր դատախազության 2017 թվականի գործունեության արդյունքները, նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Նրա խոսքով` դա խոսում է ոչ այնքան հանցավորության աճի, որքան իրավապահ մարմիններում հանցագործությունների հետևողական գրանցման ու բացահայտման մակարդակի բարձրացման մասին:
«16.7%-ով նվազել են ծանր, 11.4%-ով՝ առանձնապես ծանր, 25.8%-ով՝ սպանության դեպքերը»,- հայտնեց Արթուր Դավթյանը:
Ինչ վերաբերում է կոռուպցիոն հանցագործությունների վիճակագրությանը, Արթուր Դավթյանը նշեց, որ 2017թ-ի գրանցվել է նման 163 հանցագործության դեպք՝ 2016-ին գրանցված 7-ի փոխարեն: Կոռուպցիոն հանցագործության համար մեղադրանք է առաջադրվել 101 պաշտոնատար անձի, որոնցից 45-ը՝ ոստիկանության աշխատակից, 1–ը` անձնագրայինի պետ, ԴԱՀԿ, մաքսային ծառայողներ, դատավոր, դատախազ, 3 քննիչ և այլն:
Արթուր Դավթյանի համոզմամբ` կոռուպցիոն հանցագործությունների գրանցման աճը վկայում է հանրության շրջանում նման հանցանքների մասին առկա անհանդուրժողականության մասին: