ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. ՀՀ ֆինանսների նախարարությունը պարզաբանում է ներկայացրել նախկին նախարար Վարդան Արամյանի անվան շուրջ մամուլում շրջանառվող լուրերի վերաբերյալ։
««Ժամանակ» թերթից տեղեկանում ենք, որ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը կոչ է արել իր ղեկավարած հաստատության աշխատակիցներին իր օրինակով աշխատանքից ազատման դիմումներ գրել և վստահեցրել է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շատ շուտով ձախողելու է, և իրենք 2-3 ամսից վերադառնալու են իրենց առօրյա աշխատանքին:
Տեղեկացնում ենք, որ բացի ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանից, որևէ աշխատակից աշխատանքից ազատման դիմում չի գրել:
Ավելին`իշխանության փոփոխությամբ պայմանավորված՝ նախարարության աշխատակազմում ոչ միայն չկան կադրային փոփոխություններ, այլև չկան գործառույթների իրականացման շեղումներ: Լուրը դուրս է տրամաբանությունից նաև այն պատճառով, որ նորանշանակ նախարար Ատոմ Ջանջուղազյանը ՀՀ ֆինանսների նախկին փոխնախարարն է, ով իրականացրել է իր գործառույթները հենց Արամյանի պաշտոնավարման ընթացքում:
Հայտնում ենք, որ առնվազն տարակուսած ենք թերթի նման լուրից, ինչն ամբողջությամբ ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլև զրպարտություն է և առնվազն անբարեխիղճ լրագրողի անհասկանալի միտում»,–ասված է պարզաբանման մեջ: