Փաշինյան–Ռոհանի բանակցություններ. փորձագետները խոսում են հարաբերությունների նոր էջի մասին

Հաշվի առնելով ՀՀ նորընտիր վարչապետի հեղինակությունը` պետք է սփյուռքից ներդրումներ ներգրավել Հայաստան–Իրան երկաթուղու կառուցման համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Իրանի նախագահ Հասան Ռոհանիի բանակցությունների ու հեռախոսազրույցի ընթացքում հնչած ուղերձները վկայում են, որ երկու երկրները շարունակում են մնալ ռազմավարական գործընկերներ` անկախ նրանից, թե ինչպես են իրադարձությունները զարգանում տարածաշրջանում։ Այսօր ասուլիսի ընթացքում այս կարծիքը հայտնեց Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։

Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Սարգսյանը հանդիպեցին. ինչի՞ մասին են խոսել

Երբ ԱՄՆ-ն որոշեց դուրս գալ Իրանի ու միջազգային միջնորդների «վեցյակի» ստորագրած միջուկային պայմանագրից, Մերձավոր Արևելքում իրավիճակը նոր շրջափուլ մտավ։ Վաշինգտոնն Իրանին սպառնում է նոր պատժամիջոցներով, իսկ Թեհրանն ու Թել Ավիվը մրցակցում են Սիրիայում։

Ոսկանյանի խոսքով` այդ իրավիճակում Հայաստանը կարող է ու պետք է պահպանի բարիդրացիական հարաբերությունները հարավային հարևանի` Իրանի հետ, քանի որ այդ երկիրը կիսաշրջափակված Հայաստանի միակ ելքն է դեպի Պարսից ծոց։ Հայաստանի կարևորությունն իր հերթին գիտակցում են նաև Թեհրանում, ինչի վկայությունն են Իրանի պաշտոնական լրատվամիջոցների այն արձագանքները, որոնք հնչել են Փաշինյանի ու Ռոհանիի հեռախոսազրույցից հետո։

«Իրանական պարբերականների հրապարակումների համաձայն` հայկական կողմը վստահեցնում է, որ չի մասնակցելու հակաիրանական որևէ գործողության։ Դա շատ կարևոր շեշտադրում է և վկայում է կողմերի միջև առկա խոր վստահության մասին», — նշեց փորձագետը։ Ոսկանյանը կարծում է, որ այդ վստահությունը պետք է վերածել տնտեսական ու էներգետիկ կոնկրետ նախագծերի։

Նրա կարծիքով` հաշվի առնելով ՀՀ նորընտիր վարչապետ Փաշինյանի հեղինակությունը` պետք է սփյուռքից ներդրումներ ներգրավել Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման համար։

«Պետք է մոբիլիզացնել սփյուռքի ներուժը։ Իրանի ու Հայաստանի միջև երկաթգծի կառուցումը կենսական նշանակություն ունի մեր երկրի զարգացման համար։ Երկաթուղին կբարձրացնի Հայաստանի տարանցիկ ներուժը, ավելին` թույլ կտա վերջնականապես կոտրել Հայաստանի տարածաշրջանային մեկուսացման ու կոմունիկացիոն նախագծերից դուրս մնալու մասին կարծրատիպը», — համոզված է Ոսկանյանը։

Երկաթգծի ընդհանուր երկարությունը 330 կիլոմետր է, որից 60-ը բաժին է ընկնում Իրանին։ Թեհրանը հայտարարել է, որ պատրաստ է այդ հատվածը կառուցել, շարունակությունը պետք է կառուցի Հայաստանը։ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման ծրագրի մասին առաջին անգամ հայտարարվեց 2008թ-ին: Ծրագրի բյուջեն գնահատվեց նախ 2,2 միլիարդ դոլար, ապա՝ 2017-ին այն վերահաշվարկվեց 3.2 միլիարդ դոլար: Որոշ փորձագետներ ասում են, որ երկաթուղին կարելի է կառուցել մոտ 1,8 միլիարդ դոլարով։