Փաշինյանն ու Դոդոնը հանդիպեցին

Սոչիում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Սոչիում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ: Երկու առաջնորդները Սոչի են ժամանել՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:

Ինչպես են Նիկոլ Փաշինյանին ընդունել Սոչիի հայերը. տեսանյութ

Ինչպես հայտնում է «Արմենպրեսը», վարչապետ Փաշինյանը նշեց Հայաստանի պատրաստակամությունը զարգացնելու Մոլդովայի հետ քաղաքական, տնտեսական հարաբերությունները:

Նախագահ Դոդոնը շնորհավորեց Փաշինյանին վարչապետ դառնալու կապակցությամբ, մաղթեց հաջողություններ:

«Մոլդովայի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են: Ակնկալում եմ, որ հետագայում ևս մեր փոխշահավետ հարաբերությունները կամրապնդվեն ի շահ երկու երկրների»,- ընդգծեց Իգոր Դոդոնը:

ՀՀ վարչապետի աշխատանքային այցի ընթացքում տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նախատեսված են հանրապետության վարչապետի այլ երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ ԵԱՏՄ հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ: