Ընդունելության քննությունները կարող են հետաձգվել. նախարարը կարծիքների է սպասում

Կրթության գիտության նորանշանակ նախարարն առաջարկում է հետաձգել քննությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն առաջարկում է հետաձգել քննությունները։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Քանի որ ավարտական դասարանների աշակերտները Համաժողովրդական շարժման ընթացքում ժամանակ են կորցրել և լավ չեն պարապել քննությունների համար, առաջարկ ունեմ մեկ շաբաթով հետաձգել ընդունելության քննությունները»,- գրել է նախարարը Հարությունյանը։

Նա նաև իր առաջարկի մասին ցանկանում է լսել կարծիքներ` մինչև կառավարության հետ համաձայնեցնելը և հիմնականում ուզում է լսել ուսուցիչների կարծիքները։

ՀՀ կրթության և գիտության նախարարությունն անցած շաբաթ հրապարակել էր այս տարվա քննությունների ժամանակացույցը, որի համաձայն` միասնական քննությունները պետք է մեկնարկեն հունիսի 1-ին: