ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Հայաստանի բնակչությունը կարող է հասնել 4 միլիոնի, բայց նոր իշխանության օրոք։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Իրատեսական եմ համարում, որ կարելի է դա անել մեր իշխանության օրոք», — ասաց նա։
Հայրապետյանի խոսքով` «թավշյա հեղափոխությունը» հույս է ներշնչել, որը նախկինում չկար հասարակության մեջ, ու դրա հաշվին մարդիկ պատրաստ են Հայաստան վերադառնալ։
Հայրապետյանը նշեց, որ ժամանակն է քայլեր ձեռնարկել և հայրենադարձության համար համապատասխան մթնոլորտ ստեղծել։
Նա անդրադարձավ նաև հասարակության այն մտավախություններին, որոնք կապված են նախարարի տարիքի ու փորձի բացակայության հետ։
«Այդ մտավախությունները տեղին են, ես հասկանում եմ հասարակության կասկածները։ Բայց կարծում եմ` մի քանի օր շարունակ առավոտից երեկո իմ ակտիվ աշխատանքը, կամքն ու փոփոխություններ մտցնելու վճռականությունն արդյունք կտան», — ասաց Հայրապետյանը։
Նա նաև վճռական է տրամադրված կոռուպցիան արմատախիլ անելու հարցում։
Միաժամանակ Հայրապետյանի խոսքով` նախարարության աշխատակիցների փոփոխմանն ուղղված կտրուկ որոշումներ չեն լինելու։
Սփյուռքի նոր նախարարը նշանակվել է մայիսի 11-ին։ Այս պաշտոնում նա փոխարինել է Հրանուշ Հակոբյանին։ Մխիթար Հայրապետյանը նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում ամենաերիտասարդ նախարարն է (ծնվել է 1990 թվականին)։
Հիշեցնենք` Երևանում «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովի շրջանակում ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել էր, որ մինչ 2040 թվականը Հայաստանի բնակչությունը պետք է 4 միլիոն կազմի։