ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջի գրառումները և տարբեր հարթակներում հնչեցրած հայտարարությունները տարաբնույթ մեկնաբանությունների առիթ են դարձել: ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքում այս թեմայով հայտարարություն է տարածվել։
«Լինելով ակտիվ սոցիալական ցանցերում և անտարբեր չլինելով առողջապահական ոլորտում իրականացվող ծրագրերին՝ Արսեն Թորոսյանը մշտապես իր դիրքորոշումն ու մտահոգություններն է հայտնել: Սակայն վերջին օրերին որոշ արտահայտություններ, համացանցում ներկայացվելով համատեքստից դուրս, թյուրըմբռման տեղիք են տվել: Առողջապահության նախարարը ներողություն է խնդրում այն արտահայտությունների համար, որոնք սխալ են ընկալվել»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նախարարի գնահատականներն, ըստ պարզաբանման` ուղղված են եղել հիվանդությունների կանխարգելմանն ու կյանքեր փրկելուն, իսկ խիստ պատասխաններն ու սուր օրինակները, իրավիճակից ելնելով, միայն սթափեցնելու միտում են ունեցել:
«Արսեն Թորոսյանի խոսքով՝ եթե մենք ուզում ենք փրկել մարդկային կյանքեր, այդ թվում երեխաների, մենք պետք է օգտագործենք գիտության ամբողջ արսենալը: Մեր ուղեցույցը պետք է լինի ապացուցողական բժշկությունը: Մեր երեխաները պետք է առողջ լինեն, ցանկացած մոտեցում պետք է գրագետ հենք ունենա և միտված լինի բնակչության առողջության պահպանմանը»,- նշված է նախարարության կայքում։
Հիշեցնենք` Արսեն Թորոսյանի նշանակումից հետո Facebook սոցիալական ցանցում սկսեցին տարածել նրա նախկին գրառումները։ Կապույտ հազից մահացած երկու ամսական երեխայի մասին Թորոսյանը գրել էր. «Աստված է պատժել ընտանիքին»։ Իսկ Իմունիզացիայի ազգային ծրագրի ընդդիմախոսներին խորհուրդ էր տվել. «Մի լավ բիզնես-պրոյեկտ էլ ես հուշեմ՝ փոքրիկ դագաղների արտադրությունը, ասում են, շատ շահավետ է»։