Արամ Գարեգինյան Sputnik Արմենիա
«Թող այնպես անեն, որ գործարաններն աշխատեն»։ Այս խոսքերը դուք կլսեք 45 տարեկանից բարձր գրեթե յուրաքանչյուր մարդուց, եթե հարցնեք նրան, թե ինչ է պետք Հայաստանը վերականգնելու համար։ Այդ խոսքերը բոլորովին մակերեսային չեն, որքան հնչում են։ Եթե «մուրճ ու մանգաղ» չլինի, կլինի առևտրականների ու գնորդների երկիր։ Դժվար չէ գուշակել, թե ինչ ապագա կունենա նման երկիրը։ Հայաստանի ցանկացած կառավարության խնդիրն է այնպես անել, որպեսզի դա տեղի չունենա։
Մանգաղ
Գյուղատնտեսությունում, ինչպես նաև առևտրի ոլորտում կարևորագույն խնդիրներից մեկը մենաշնորհը վերացնելն է։ Շատերի համար մենաշնորհն այն է, երբ մեկ կամ մի քանի հոգի ներկրում են ալյուր, բուսական յուղ կամ միս։ Բայց մենատիրություն կա նաև գյուղատնտեսության ոլորտում։ Երբ կաթնամթերքի գործարաները, գինու գործարանները, պահածոյի ֆաբրիկաները պայմանավորվում են, թե ինչ գնով են գյուղացուց գնելու կաթ, խաղող կամ լոլիկ։
Իհարկե, առանձին դեպքերում գինը թելադրում է գյուղացին։ Օրինակ` խաղողի գինու տեսակների, որոնք երկրում քիչ են՝ սև արենին։ Բայց մնացած դեպքերում առավելությունը գրեթե միշտ բիզնեսի կողմն է։ Եվ բիզնեսը կարող է նշանակել իր համար ցանկացած հարմար գին, որը ձեռնտու չէ գյուղացուն։ Ուստի, սովորական գյուղացին փող չունի ո՛չ ինտենսիվ այգեգործության, ո՛չ կաթիլային ոռոգման համար։ Այսինքն` այն ամենի, ինչը բերքը դարձնում է ավելի շատ, ավելի որակյալ և ավելի էժան։
«Ուղղակի ցույց տվեք գյուղացուն թելը, որի ծայրին եկամուտն է։ Նա մինչև վերջ կքաշի այն, չկասկածեք», — մի անգամ մեզ այդպես ասաց հյութի խոշորագույն արտադրողներից մեկի մենեջերը։
Գյուղացիների հաշվին գնային դավադրություններին վերջ տալը գլխավոր քաղաքական խնդիրն է։ Բայց օգնության համար անհրաժեշտ են զուտ տնտեսական գործիքներ՝ արտոնյալ վարկեր ինտենսիվ այգիների, կաթիլային ոռոգման և գյուղատնտեսական տեխնիկայի համար։ Այդ ծրագրերը սկսել էր Կարեն Կարապետյանի կառավարությունը։ Հուսանք, որ նոր կառավարությունը կշարունակի դրանք։
Մուրճ
Ինժեներություն, քիմիական արդյունաբերություն, մեքենաշինություն․ երկար տարիների այդ ամենին ուշադրություն են դարձրել մնացորդային սկզբունքով։ «Նաիրիտ», «Վանաձոր-քիմպրոմ», «Հայէլեկտրամաշ» և այլ մեքենաշինական ձեռնարկություններ։ Սրանց ավելի քիչ ուշադրություն է դարձվել, քան տեղեկատվական տեխնոլոգիաներին։
Նորաստեղծ ՏՏ ընկերությունների համար օրենք են ընդունել հարկերից ազատելու մասին։ Նրանց համար ստեղծվել է վենչուրային հիմնադրամ, որին կառավարությունը նյութապես աջակցել է։ Եվ արդյունքը երկար չի սպասեցրել․ երկրում հայտնվել են տասնյակ նոր ընկերություններ։ Ճիշտ է` ոչ մեծ, նույնիսկ հետո մի մասն էլ փակվի։ Բայց մի մասը կմնա և կաճի։
Բայց հենց խոսքը գնացում է արդյունաբերության կամ գյուղատնտեսության մասին, կառավարությունը հայտարարում է, որ չի կարելի աջակցել մասնավոր բիզնեսին, դա դեմ է կանոններին։ Բայց չէ որ այստեղ սկզբնական արտոնություններն ավելի կարևոր են։ Չէ՞ որ մեքենաշինարարների կամ գյուղատնտեսների նախնական ծախսերն ավելի շատ են, քան ՏՏ ոլորտի մասնագետների։
Կարեն Կարապետյանի կառավարությունում առանց հիմնավորումների կարծում էին, որ բիզնեսին պետք է աջակցել ենթակառուցվածքներով։
Ճիշտ է` փաստ չէ, որ նոր ճանապարհի կամ էլեկտրահաղորդման գծի երկայնքով իսկույն կհայտնվեն նոր ձեռնարկություններ։ Դա միայն մեր ենթադրությունն է։
Մնում է տեսնել, թե ինչպես կմոտենա «մուրճ ու մանգաղին» նոր կառավարությունը։ Հարցը բարդանում է նրանով, որ նորերը սկսում են աշխատել տարվա կեսից՝ պատրաստի բյուջեով։ Այն վերափոխելու համար պետք է խորհրդարանի, այսինքն` ըստ էության` Հայաստանի Հանրապետական կուսակցության համաձայնությունը։