Միխայիլ Լեոնտևը ներողություն է խնդրել Նիկոլ Փաշինյանից

Լեոնտևը հավաստիացրել է, որ իր մեկնաբանությունները որևէ կերպ չեն առնչվում «Ռոսնեֆտի» դիրքորոշման հետ և հույս է հայտնել, որ իր անշրջահայաց պահվածքը որևէ կերպ չի անդրադառնա «Ռոսնեֆտի» և Հայաստանի միջև դրական համագործակցության վրա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. «Ռոսնեֆտի» մամուլի քարտուղար Միխայիլ Լեոնտևը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հղած նամակով ներողություն է խնդրել իր ոչ պատշաճ մեկնաբանության համար: Այս մասին տեղեկացրել են վարչապետի մամուլի ծառայությունից՝ ի պատասախան «Արմենպրեսի» հարցման:

Հայերն այդպես էլ ներողություն չլսեցին Լեոնտևից և Յուրևից

«Միխայիլ Լևոնտևը գրավոր նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ներողություն խնդրելով իր չափազանց զգացմունքային և ոչ պատշաճ մեկնաբանության համար՝ ընդունելով, որ քաղաքական հայացքների տարակարծությունը որևէ կերպ չի կարող արդարացնել արտահայտությունների մեջ իր կտրուկ և կոպիտ լինելը: Նա նաև ընդգծել է, որ մեկնաբանության անհարկի զգացմունքայնությունը բխել է բացառապես Հայաստանի ճակատագրի վերաբերյալ նրա մտահոգություններից, որին նա համարում է Ռուսաստանի մտերիմ պատմական դաշնակից: Նա հավաստիացրել է, որ տարաբնույթ հաղորդումներում իր մեկնաբանությունները որևէ կերպ չեն առնչվում «Ռոսնեֆտի» դիրքորոշման հետ և հույս է հայտնել, որ իր անշրջահայաց պահվածքը որևէ կերպ չի անդրադառնա «Ռոսնեֆտի» և Հայաստանի միջև դրական համագործակցության վրա»,-ասված է պատասխանում:

«Ռոսնեֆտ» նավթային ընկերության մամուլի քարտուղար Միխայիլ Լեոնտևը, որն առավել հայտնի է որպես հեռուստալրագրող, «Ռադիո Կոմսոմոլսկայա պրավդա»-ի եթերում անդրադարձել է հայաստանյան իրադարձություններին: Լեոնտեւը վիրավորական և ոչ պարկեշտ արտահայտություններ է արել Հայաստանի և հայ ժողովրդի մասին: «Խեղդել հեղափոխությունն արյան մեջ»՝ նման կոչեր են հնչել այդ հաղորդման ժամանակ: