Շառլ Ազնավուրին կրկին հիվանդանոց են տեղափոխել

Հանրահայտ երգիչն այս անգամ հիվանդանոց է տեղափոխվել կոտրվածքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik. Աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրն ընկել է և կոտրել ձեռքը: Այս մասին հայտնում է bfmtv հեռուստաընկերությունը։

Հեռուստաընկերության տվյալով` 93 տարեկան արտիստն ընկել է Մուրյեսում գտնվող իր տանը։ Բժիշկների հետազոտությունից հետո պարզվել է նաև, որ ճաքել է նրա ուսոսկրը։ Մասնագետները հայտնել են, որ երգչի կյանքին վտանգ չի սպառնում։

Շառլ Ազնավուրը նամակ է գրել հայերին. «Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ»

Նշենք, որ ապրիլի 25-ին Ազնավուրի ինքնազգացողությունը վատացել էր Սանկտ Պետերբուրգում համերգից առաջ ընթացող փորձի ժամանակ, և նրան հիվանդանոց էին տեղափոխել։
Բժիշկները հետազոտել էին նրան և ասել, որ պատճառը մկանային ջղաձգումն է եղել, սարսափելի ոչինչ չկա:

Սանկտ Պետերբուրգում նախատեսված համերգը տեղափոխվել է և կկայանա հաջորդ տարվա ապրիլի 9-ին։

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը (իսկական անունը` Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924թ.-ի մայիսի 22-ին Փարիզում՝ հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։

Համաշխարհային հռչակ է ձեռք բերել 1956թ.-ին Փարիզի դահլիճներից մեկում հաջող ելույթից հետո։ Նրա գրած երգերը կատարել են Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Հուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։

Շառլ Ազնավուրը միջազգային ասպարեզում ռեկորդային թվով ձայնասկավառակ է վաճառել (180 մլն)։

Մայիսի 22-ին նա կդառնա 94 տարեկան։