Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է պաշտպանության նախարարի նշանակումը

Բանակը պետք է ամուր թիկունք լինի Հայաստանի դիվանագիտության և ղարաբաղյան բանակցային գործընթացի համար։ Վարչապետն ասել է, թե ինչ սպասումներ ունի նորանշանակ նախարարից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik. Դավիթ Տոնոյանի նշանակումն արտահայտում է այն քաղաքականությունը, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը վարելու է զինված ուժերի զարգացման ուղղությամբ: ՊՆ-ում, ներկայացնելով նորանշանակ նախարարին, ասել է ՀՀ վարչապետը։

Ինչու՞ հենց Օսիպյանը. Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց իր որոշումը

«Մեզ համար կարևոր է եղել, որ կառավարության փոփոխության պրոցեսը լինի օրգանական, և զինված ուժերը քաղաքական որևէ ցնցման ազդեցություն չզգան»,- նշել է նա:

Վարչապետը կարևորել է բանակի մարտունակության շարունակական բարձրացումն ու Հայաստանի և Արցախի անվտանգության ամրապնդումը։

«ԶՈՒ-երը պետք է ամուր թիկունք լինեն Հայաստանի դիվանագիտության և բանակցային գործընթացի համար: Հաջորդ խնդիրը, որ մտադիր ենք առաջիկայում լուծել և համարել ենք, որ Դավիթ Տոնոյանի թեկնածությունը դրա համար ամենահարմարն է, վերաբերում է բանակի ապաքաղաքականացմանը»,-ասել է Փաշինյանը` ընդգծելով, որ քաղաքական պրոցեսների ընթացքում, այդ թվում՝ ընտրությունների ժամանակ, բանակը չպետք է ներքաշվի ընտրական գործընթացին, իսկ ծառայողները` շարքայինից մինչև գեներալ, պետք է ազատ լինեն իրեն ընտրության մեջ։

Փաշինյանը վերահաստատել է իր նախկին հայտարարությունն այն մասին, որ պետությունը պետք է ժամկետային զինծառայողներին ապահովի այն ամենով, ինչ անհրաժեշտ է։

Նիկոլ Փաշինյանը տեղափոխվում է կառավարական առանձնատուն

Իսկ զինծառայողները բանակից պետք է վերադառնան առանց գիտելիքի կորստի։ Մինչդեռ, ըստ Փաշինյանի, հիմա հակառակն է` նրանք բանակից քաղաքացիական կյանքի են վերադառնում ավելի ցածր կրթական ցենզով, քան նրանք զորակոչվել են: Փաշինյանը կարևորել է, որ բանակում դժբախտ դեպքերը հասցվեն նվազագույնի։

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին և ԶՈՒ-երին՝ կատարած ծառայության համար և հավելել, որ ՀՀ ԶՈՒ-երը վայելում են հայ ժողովրդի կատարյալ վստահությունը։

Նորանշանակ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և ավելացրել, որ իր համար մեծ պատիվ է վերադառնալ հոգեհարազատ միջավայր:

Նա նաև պարտավորվել է կառավարության ծրագրում արտացոլել վարչապետի բոլոր ցուցումները: