Նիկոլ Փաշինյանը տեղափոխվում է կառավարական առանձնատուն

Փաշինյանը խոստացել է ուղիղ եթերում ցույց տալ այդ առանձնատունը, որպեսզի մարդիկ իմանան` ինչի համար են վճարում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բնակվելու է կառավարական առանձնատանը։ Այդ մասին նա ասել է ֆեյսբուքյան իր էջում` նշելով, որ դա պահանջում է ՀՀ օրենսդրությունը։

Նիկոլ Փաշինյանը փոքրիկ գաղտնիք բացեց «Ռոսիա 24»–ի հետ հարցազրույցում

«ՀՀ օրենսդրությամբ սահմանված է, որ վարչապետը պետք է ապրի այդ առանձնատանը։ Եթե այդ առանձնատունը դատարկ է մնում, կարող է սիմվոլիզմ լինել, թե ՀՀ-ում վարչապետ չկա»,- ասել է նա։

Փաշինյանի խոսքով` վարչապետի համար նախատեսված պետական առանձնատանն այս պահին բնակվում է Սերժ Սարգսյանը։

Նա նշել է, թե առաջիկայում Սերժ Սարգսյանը կտեղափոխվի այլ տեղ, օրենքով սահմանված կարգով նրան կառաջարկվի այլ առանձնատուն։

«Չգիտեմ ինչ ժամկետում, ես մեկամսյա ժամկետ եմ սահմանել, կտեղափոխվի»,- նշել է վարչապետը՝ արձանագրելով, որ օրենքով հստակ սահմանված է, որ վարչապետը պետք է ապրի այնտեղ։

Փաշինյանը խոստացել է առաջիկա ուղիղ եթերներից մեկը նվիրել կառավարական առանձնատունը ցուցադրելուն։

Նա նշել է, որ մարդիկ պետք է իմանան, թե ինչի համար եք վճարում, որովհետև այդ ամբողջ տարածքը պահվում է պետական բյուջեի հաշվին։