Հայկական եկեղեցու դատական գործում վրացական կողմի փաստարկներն անտրամաբանական են. փաստաբան

Վրացի փաստաբանները կշարունակեն պայքարել Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցին օրինական տիրոջը` Հայ առաքելական եկեղեցուն փոխանցելու իրավունքի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Վրաստանի ուղղափառ եկեղեցու` Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցու պատկանելության հետ կապված փաստարկներն անտրամաբանական են։ Sputnik Արմենիայի թղթակցին այս մասին ասաց Վրաստանի Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտի (TDI) փաստաբան Գվանցա Լոմիան։

Թանդոյանց եկեղեցու գործով դատավարությունը պետք է տեղի ունենար մայիսի 1-ին, բայց տեղափոխեցին հունիսի 7-ին։

«Վրաստանի պատրիարքարանի պնդումը, թե հայկական եկեղեցին կառուցված է ուղղափառ եկեղեցու տեղում, իրականությանը չի համապատասխանում և զուրկ է տրամաբանությունից», — ասաց Լոմիան։

Նրա խոսքով` հայկական կողմը, որին Լոմիան իր թիմով ներկայացնում է դատարանում, մի շարք ծանրակշիռ փաստարկներ ունի։ Նրանց օգտին են նաև ճարտարապետապատմական փորձաքննությունների արդյունքները. նախախորհրդային շրջանում եկեղեցին պատկանել է Հայ առաքելական եկեղեցուն։

Ինչպես Լոնդոնի եկեղեցին հայկական դարձավ, և ինչ կապ ունի Երևանի պատվավոր քաղաքացին

Եկեղեցին, որի մասին խոսում է Վրաստանի պատրիարքարանը, բոլորովին այլ վայրում է գտնվում։ Թանդոյանց եկեղեցին կառուցվել է փայտաշեն վանքի տեղում։

Ավելի վաղ Վրաստանի պատրիարքարանը փորձում էր ապացուցել եկեղեցու վրացական ծագումը` մատնանշելով Թանդոյանցի տարածքում հայտնաբերված տապանաքարերի վրա վրացերեն գրառումները։ Հայ առաքելական եկեղեցին պնդում է, որ XVIII դարում Թանդոյանց եկեղեցու տարածքում տարբեր ազգերի ներկայացուցիչների գերեզմանատուն է եղել, և այն ժամանակ ոչ ոք երկար-բարակ չի մտածել, թե որտեղ հուղարկավորի հանգուցյալին։ 

«Այսօր մենք պահանջում ենք, որ Թանդոյանցը վերադարձվի պետությանը, այնուհետև փոխանցվի օրինական տիրոջը` Հայ առաքելական եկեղեցուն», — ասաց Լոմիան։

Նա պարզաբանեց, որ եկեղեցու ապօրինի փոխանցման մասին Վրաստանի պետական ռեեստրի դեմ ներկայացված հայցի արդյունքները դեռ վաղ է կանխատեսել։ Այն նախապատրաստական փուլում է, դեռ նույնիսկ գործի վերաբերյալ նիստ չի եղել, դատարանը նաև չի համեմատել կողմերի ապացույցներն ու փաստարկները։

Լոմիան հույս ունի, որ դատարանն արդար որոշում կկայացնի։ Վրաստանի օմբուդսմենն իր հերթին հայտարարել է, որ փաստաթղթերից շատերն ապացուցում են` վանքը Հայ առաքելական եկեղեցու սեփականությունն է։

Յուրահատուկը. Բանգլադեշի հայկական եկեղեցին պարտադիր այցելության վայրերի ցանկում է

Թանդոյանցի դատական գործով հայցվորը Հայ առաքելական եկեղեցին է, պատասխանող կողմը` Վրաստանի պետական ռեեստրում գրանցումներ իրականացնող մարմինը։ Հայկական եկեղեցին դատարանում ներկայացնում են Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտի (TDI) ու մարդու իրավունքների և մոնիթորինգի ուսումնասիրության կենտրոնի (EMC) իրավաբանները։ 4591 քմ մակերեսով տարածքը` մշակութային հուշարձանով, վրացական պատրիարքարանին է հանձնվել 2017թ.-ի հուլիսի 26-ին։

Փորձագետների խոսքով` նման որոշումը կայացվել է առանց գործի նյութերին պատշաճ ծանոթանալու։

Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1866 թվականին։ Մինչև ԽՍՀՄ կազմավորումը Թանդոյանցը պատկանել է Հայ առաքելական եկեղեցուն։ 1927թ.-ի օգոստոսի 12-ից եկեղեցու շենքն օգտագործել են հասարակական նպատակներով։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո եկեղեցին անցել է պետության տնօրինությանը։ Երկար տարիներ Հայ առաքելական եկեղեցին խնդրել է Թանդոյանց եկեղեցին մյուս հայկական եկեղեցիների հետ վերադարձնել իր օրինական տերերին, բայց ապարդյուն։