ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեղմ է համարում ՀՖՖ կարգապահական կոմիտեի որոշումը, ըստ որի` «Շիրակի» սպորտային տնօրեն Արարատ Հարությունյանը որակազրկվել է ցմահ, ակումբը տուգանվել է 7 մլն դրամով և թիմի արդյունքից հանվելու է 12 միավոր:
Մայիսի 5-ին «Բանանց»-«Շիրակ» խաղից հետո պարզ դարձավ, որ այդ խաղից առաջ «Շիրակի» աշխատակիցը փորձել է պայմանավորված խաղ անցկացնել։ ՀՖՖ կարգապահական կոմիտեն անմիջապես արձագանքեց, այդ միջադեպին` կայացնելով իր որոշումը: Ի պատասխան կարգապահական կոմիտեի որոշմանը «Շիրակ» ֆուտբոլային ակումբը հանդես եկավ հայտարարությամբ, որում նշեց, որ եթե այդ որոշումը ուժի մեջ մտնի, ապա «Շիրակ» ՖԱ-ն իր բոլոր թիմերը ստիպված կլինի հանել Հայաստանի առաջնություններից:
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, պատասխանելով այդ հայտարարությանը նշեց. «Շանտաժի լեզուն չի կարող խանգարել մեզ համապատասխան ու միակ ճիշտ որոշումը կայացնելու գործում: Պայմանավորված խաղ անցկացնելու փորձը ոչ թե արհավիրք է ֆուտբոլի համար, այլ ես կասեի` չարորակ ուռուցք: Այն անմիջապես արմատախիլ պետք է անել, հակառակ դեպքում մենք ֆուտբոլում ամեն ինչ կկորցնենք»:
ՀՖՖ նախագահը ֆուտբոլային բոլոր գործիչներին ու լրատվամիջոցներին հորդորեց այս միջադեպի հետ կապված ավելորդ աղմուկ չբարձրացնել։
«Եղել է պայմանավորված խաղ անցկացնելու փորձ, և մենք բոլոր ապացույցներն ունենք: Գործը քննվել է կարգապահական կոմիտեում, ու որոշում կա: Բողոքարկման համար «Շիրակը» դեռ ժամանակ ունի՝ մայիսի 14-ը ներառյալ: Եթե լինի բողոքարկում, ապա հանձնաժողովը կքննարկի նաև բողոքն ու ընդունված արդեն որոշումը կմտնի ուժի մեջ»,- ասաց նա:
Հայրապետյանի խոսքով` եթե ակումբի աշխատակիցը դիմել է նման քայլի, ապա պատասխան է տալիս ոչ միայն ինքը, այլ նաև ակումբը:
«Այն պնդումները, թե «Շիրակի» ղեկավարությունը տեղյակ չի եղել Արարատ Հարությունյանի նախաձեռնությունից, անհիմն են: Մենք ունեք և՛ դիմում, և՛ բազմաթիվ ապացույցներ` պայմանավորված խաղ անցկացնելու փորձի հետ կապված»,- ասաց ֆեդերացիայի նախագահը:
Նրա խոսքով` «Շիրակ» ակումբի նախագահ Արման Սահակյանը, ամենայն հավանականությամբ, պարզապես պատճառ է փնտրում «Շիրակից» հեռանալու համար:
Հայրապետյանն ընդգծեց` համենայնդեպս, հայկական ակումբներից միայն «Շիրակի» նախագահն է, որը թիմն օգտագործում է քաղաքական դիվիդենտներ ձեռք բերելու համար:
Նշենք, որ Արման Սահակյանը ԱԺ պատգամավոր է, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ։