Ե՞րբ է աշխատելու «Նաիրիտը». Նիկոլ Փաշինյանին հուշում են ՀՀԿ–ի հարցի պատասխանը

Վերագործարկե՞լ, թե՞ չվերագործարկել, ո՞րն է ճիշտ։ 2010թ–ից ի վեր քննարկվող հարցին յուրաքանչյուրն իր պատասխանն ունի։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցի լուծման ևս 5 տարբերակ է առաջարկվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik, Նելլի Դանիելյան. Ե՞րբ է աշխատելու «Նաիրիտը». 2000թ-ից Հայաստանի տնտեսական քաղաքականությունը տնօրինող Հանրապետական կուսակցությունն ապրիլի 30-ին այս հարցն ուղղեց ապագա վարչապետի թեկնածուին։

«Նաիրիտի» հարցը. պետությունը կարող է քիմիական հսկային փրկել կործանումից

Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ-ի հարցն անպատասխան թողեց` պատճառաբանելով, որ փորձագիտական մակարդակով հարցին չի տիրապետում։

Արդեն վարչապետ դառնալուց հետո Փաշինյանին «Նաիրիտի» հետագա ճակատագրի իր տարբերակն է առաջարկել Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։

«Իմ կարծիքը չգործարկելն է»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մակարյանը։

Նա համաձայն չէ ո՛չ գործարանի նախկին կոլեկտիվի և ո՛չ էլ նախկին կառավարության հաշվարկների հետ, որոնցից առաջինի համաձայն` «Նաիրիտի» վերագործարկումը կարող է իրականացվել 65-70, երկրորդի դեպքում` 350 մլն դոլար ներդնելով։ Մակարյանի հաշվարկով` «Նաիրիտը» գործարկելու համար մինչև 1 մլրդ դոլարի ներդրում է պետք։

«Կարիք կա՞ մի գործարանի մեջ այդպիսի հսկայական գումար դնել` կապելով ամբողջ ռիսկերը մի գործարանի հետ։ Ռիսկերից առաջինը հումքի ներկրումն է։ Որտեղի՞ց բերել, ի՞նչ ճանապարհով, Վերին Լարսի վրա՞ հույս դնել, թե՞ երկաթուղու։ Երկրորդ` արտադրված ծավալն ի՞նչ ճանապարհով տանել դուրս։ Երրորդ`կադրերի խնդիրն է։ Չորրորդ` իրացման խնդիրը. ո՞ւմ են վաճառելու, Ռուսաստանի՞ն։ Իսկ եթե Ռուսաստանը մի օր ասի` չեմ գնում»,- իր տեսակետն այսպես է հիմնավորում մեր զրուցակիցը` հավելելով, որ նույն ծավալի ներդրումով Հայաստանում «Նաիրիտի» փոխարեն կարելի է մի քանի գործարան բացել` դիվերսիֆիկացնել տնտեսությունն ու ապահովել ավելի շատ աշխատատեղեր։

«Նաիրիտի» վերաբերյալ նա իր սեփական ծրագիրն է առաջարկում։ Օրինակ` «Նաիրիտը» վերածել քիմիական տեխնոպարկի, կամ «Նաիրիտի տարածքում հիմնել տասնյակ ավելի փոքր գործարաններ` օգտագործելով առկա ենթակառուցվածքները` կոյուղին, ջրատարները, էլեկտրական ենթակայանները, անունն էլ դնել «Նաիրիտ» քիմիական քաղաք։

Երրորդ առաջարկն է` «Նաիրիտը» քանդել, քարերը, մետաղը, հումքը վաճառել ու դրանից ստացված միջոցներով փակել պարտքերը, իսկ 100-ավոր հեկտարներ ազատված տարածքն օգտագործել քաղաքաշինական կամ արդյունաբերական այլ նպատակներով։

«Նաիրիտի» վերջը տալիս են. արժեքավոր սարքավորումները չուգունի տեղ են վաճառում

Կա նաև չորորդ տարբերակը` քիմիական նախկին հսկան վերածել թանգարանի։

«Սովետական մոնստր գործարանը շատ տուրիստների կհետաքրքրի։ Աշխարհում նման դեպքեր կան։ Այն կարող է նաև ուսումնական նպատակի ծառայել»,- ասում է Մակարյանը։

Այս բոլոր առաջարկները Հայաստանի գործատուների միությունը` տնտեսական այլ առաջարկների հետ մեկ փաթեթով արդեն ուղարկել է ՀՀ վարչապետին և սպասում է Փաշինյանի առաջարկին։

ԽՍՀՄ փլուզումից հետո աշխատանքը դադարեցրած «Նաիրիտը» 1992թ-ին մասամբ վերագործարկվեց, իսկ 2010թ-ի ապրիլից ամբողջությամբ դադարեցրեց աշխատանքը ֆինանսական ճգնաժամի պատճառով։

2015թ. հուլիսի 1-ի դրությամբ «Նաիրիտի» պարտքերն արդեն կազմում են 126 մլրդ դրամ. Պարտատերերի ցանկում են «Միջպետական բանկը», Երևանի ՋԷԿ-ը, ՀԷՑ-ը, «Գազպրոմ Արմենիան»: Աշխատավարձերի մասով գործարանի պարտքը 5.4 մլրդ դրամ է, բյուջեի նկատմամբ պարտավորությունները՝ 10 մլրդ: