ՀՀԿ–ն Փաշինյանի կառավարության աշխատանքին չի խանգարի

Հանրապետականը չի բացառել, որ կողմ կքվեարկի Նիկոլ Փաշինյանի կառավարության ներկայացրած ծրագրին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Հանրապետական կուսակցությունը կառավարության աշխատանքին չի խանգարի: Այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Փաշինյանը կլքի վարչապետի պաշտոնը, եթե կորցնի ժողովրդի աջակցությունը

«Եթե մենք որդեգրել ենք այն քաղաքականությունը, որ ԱԺ աշխատանքն ապահովենք, պետք է աշխատենք կառավարության հետ»,- ասել է Բաղդասարյանը։ Փաշինյանի ելույթից նա ենթադրում է, որ կառավարության ծրագիրը բավական տրամաբանական է լինելու, ուստի չի բացառել, որ ՀՀԿ-ն կողմ քվեարկի դրան, եթե, իհարկե, սկզբունքային հակասություններ չլինեն։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությանը` Բաղդասարյանն ասել է, որ ժամանակ է պետք գնահատելու համար։

«Այդ մարդկանց հետ մենք աշխատել ենք, բայց այլ պայմաններում»,- ասել է Բաղդասարյանը:

Նա չի թաքցրել, որ նոր ոստիկանապետ Վալերի Օսիպյանին ղեկավար պաշտոնում չի պատկերացրել, թեև պարկեշտ ոստիկան է համարում։