Զբոսաշրջիկները հիացած են. Երևանը դռները բացեց գինու սիրահարների առաջ

Մայիսի 11-ին Երևանն իր դռները բացեց գինու սիրահարների համար։ Ավանդույթի համաձայն` տոնակատարությունն անցկացվում է Սարյան փողոցում, որտեղ հավաքվում են ոչ միայն երևանցիները, այլև բազմաթիվ զբոսաշրջիկները։
Sputnik

Այս միջոցառման շնորհիվ հայ գինեգործները կարողանում են ներկայացնել իրենց արտադրանքը, իսկ այցելուներն էլ մասնակցում են տարբեր գինիների համտեսին և հեռանում են իրենց հավանած խմիչքով։

Այս տարի միջոցառմանը միացել են 5 նոր արտադրողներ, ընդ որում բոլորն էլ` Արցախից։

Համտեսի արժեքը 4000 դրամ է (յուրաքանչյուր տաղավարի մոտ 1 անգամ)։ Այս տարի միջոցառումը նվիրված է Երևանի 2800-ամյակին։ Sputnik Արմենիայի թղթակիցը զրուցել է այցելուների հետ։

Միջոցառումը կազմակերպել է «Էվենտտուրա» ընկերությունը՝ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի, ինչպես նաև «Ջի-Այ-Զեթ Հայաստան» կազմակերպության աջակցությամբ: