«Մեզ մոտ այդ ամենն ուրիշ է». ինչն է զարմացրել ռուս զբոսաշրջիկին Հայաստանում

Չուսումնասիրված Հայաստանը ռուս զբոսաշրջիկ Ելենա Նեստերովայի համար դարձել է մի լավ ծանոթ, որի մոտ կրկին ուզում ես հյուր գնալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik, Անի Լիպարիտյան. Ամենագլխավորը, որ պետք է անել Հայաստանում, գինին ու կոնյակը խմելն է, քանի որ Ռուսաստանում այդ խմիչքները բոլորովին այլ համ ունեն, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ելենա Նեստերովան։

Հայաստան գալու որոշումն ընդունվել է թռիչքից մեկ շաբաթ առաջ։ Ելենան և նրա մտերիմները որոշել են մեկնել մի երկիր, ուր կարելի էր այցելել առանց վիզայի։

Ելենան նշեց, որ բացի Երևանից, այցելել է նաև Գառնի, Գեղարդ, Սևան, Էջմիածին, Տաթև ու Նորավանքում։

«Մարդիկ Հայաստանում բաց են, ժամանակակից, իսկ մատուցողներն ընդհանրապես շատ լավն են, իրենց պահում են տանտիրոջ նման», — ասաց Ելենան։

 

Ճանապարհորդի վրա անմոռանալի տպավորություն է գործել Նորավանքի հետաքրքիր և բարդ ճարտարապետությունը, որը գտնվում է Արփա գետի վտակի կիրճի խորշում։

Օտարերկրացիների աչքերով. ինչու է ռուս մարզիկը որոշել Հայաստան վերադառնալ

«Հայաստանի եկեղեցիներ այցելելը ոչ միայն գրավիչ է, այլ նաև երբեմն էքստրեմալ։ Սուրբ Աստվածածին եկեղեցու աստիճաններն ուղղակի ցնցող են», — ասաց Ելենան։

Ռուս զբոսաշրջիկը կարծում է, որ Հայաստանում դժվարությունները շատ են, բայց բնակիչները ջանքեր են գործադրում, աշխատում, և արդյունքն ակնհայտ է։ Ելենայի խոսքով՝ Հայաստանը կարող է զարմացնել նույնիսկ ամենափորձառու զբոսաշրջիկներին, չէ՞ որ երկրում շատ են տեսարժան վայրերն ու բարձրակարգ հյուրանոցները։

Ելենան Հայաստանն ասոցացնում է Արարատ լեռան, լեգենդար կոնյակի, ինչպես նաև Քարդաշյան ազգանվան հետ։

Ռուս ճանապարհորդը խորհուրդ է տալիս բոլոր զբոսաշրջիկներին գնալ Կասկադ և, եթե բախտները բերի, տեսնել Արարատը (քանի որ մառախուղը պարբերաբար փակում է լեռան ամբողջ գեղեցկությունը)։ Եվ ամենագլխավորը` գիշերել Տաթևում՝ լեգենդար եկեղեցուց ոչ հեռու գտնվող աղբյուրներում լողալու համար։