Հայ օլիգարխները Փաշինյանի առաջարկած խաղի կանոնները դեռ չեն ընդունել

Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը կարծում է, որ հայ գործարարներից շատերը սովորույթի ուժով դեռ շարունակում են քաղաքական տանիքներ փնտրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Հայ օլիգարխները Նիկոլ Փաշինյանի առաջարկած աշխատանքային նոր պայմանների հետ չեն համակերպվել։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նիկոլ Փաշինյանն արգելեց սնունդ, կոշիկ, ներքնաշոր ու հագուստ ուղարկել բանակ

«Նրանց մի մասը կարող են ներգրավվել նոր կուսակցությունների ստեղծման կամ ռևանշիստական գործընթացներում։ Բայց եթե խնդիր է դրվելու, որ բիզնեսը խորհրդարան չմտնի, բիզնեսը պետք է լուրջ մտածի`տվյալ կուսակցությունն աջակցելով ու ռեսուրսներ ծախսելով ինչ կշահի ինքը»,- ասաց Մակարյանը։

Ստեղծված իրավիճակից լուծում գտնելու համար Մակարյանը Նիկոլ Փաշինյանին առաջարկում է դեմ առ դեմ հանդիպել ու առանձնազրույց ունենալ հայաստանյան խոշոր գործարարների հետ։

«Յուրաքանչյուրին բացատրել իրավիճակի փոփոխությունը, ապահովել բիզնեսի, գույքի պահպանման երաշխիքներով»,- առաջարկում է նա։

Իսկ նախկին «մեղքերից մաքրվելու» համար Գագիկ Մակարյանն օլիգարխներին առաջարկում է աջակցել պետական հիմնադրամներին ու սոցիալական ծրագրերին` դրանով իսկ վերադարձնելով պետական բյուջե չվճարված հին պարտքերը։

Հիշեցնենք`հրապարակային ելույթներում Նիկոլ Փաշինյանը որպես տնտեսական ծրագրերի հիմնաքար առաջարկել է մենաշնորհների վերացումն ու բիզնեսի և քաղաքականության տարանջատումը։