Անցած գիշեր տեղացած կարկուտը վնասել է Արմավիրի 7-8 համայնքների այգիները։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը։
«Նաև ունենք տեղեկություն, որ Արագածոտնի մարզի Կոշ, Շահումյան, Արուճ համայնքների հատվածում էլ կան որոշակի վնասներ, տեղեկություններ ունենք նաև Թալինի շրջանի Դաշտադեմ գյուղից»,- ասաց Հարությունյանը։
Նա նաև հայտնեց, որ կազմվել են համայնքային ու մարզային հանձնաժողովներ`վնասներն ուսումնասիրելու ու գնահատելու համար։ Կարկուտից տուժած համայնքներ այցելած փոխնախարարը, սակայն, վստահեցրեց, որ վնասի չափը մեծ չէ։
«Կարևորը, որ վնասը մեծ ծավալների չի հասնում, բայց կան հատվածներ, որտեղ անհատ ֆերմերներից ոմանք մեծ վնասներ են կրել»,- ասաց Հարությունյանը։
Կարկուտը վնասել է հիմնականում լոլիկի ու վարունգի ցանքատարածությունները, մասնավորապես` թաղանթով չծածկված սածիլները։
Հիշեցնենք, այսօր կառավարության նիստում կարկտահարության խնդրին էր անդրադարձել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա գյուղատնտեսության ու արտակարգ իրավիճակների նախարարների պաշտոնակատարներից պարզաբանումներ էր պահանջել։ Վերջինները հայտնել էին, որ վնասը դեռ հաշվարկված չէ, իսկ հակակարկտային կայաններն այդ տարածքները չեն ծածկում։