Սարգսյանն իր հաջորդին խորհուրդ է տալիս կոշտ վերաբերվել ցույցերին մասնակցած խաղաղապահներին

Խաղաղապահ գնդի հրամանատարը հրաժարական է տվել։ Վիգեն Սարգսյանը վստահեցնում է` խաղաղապահների արարքը համակարգում բացասաբար է ընդունվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Օրենքով անթույլատրելի է, որ զինվորականներն իրենց համազգեստով մասնակցեն քաղաքացիական ակցիաներին։ Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով հավաքներին խաղաղապահների մասնակցությանը, հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը։

Կպատժե՞ն արդյոք ցույցին միացած խաղաղապահներին. մեկնաբանում է փաստաբանը

Պաշտպանության հաջորդ նախարարին նա խորհուրդ տվեց ծառայողական քննության ավարտից հետո «շատ կոշտ արձագանքել» խաղաղապահների արարքին։

«Ես ընդունել եմ զորամասի հրամանատարի հրաժարականի դիմումը, ուղարկել եմ կառավարություն, որտեղից էլ այն ուղարկվել է ՀՀ նախագահի հաստատմանը։ Նախագահը Սահմանադրությամբ պետք է ձեռնարկի համապատասխան միջոցները։ Ցավով եմ ստորագրել, որովհետև հրամանատարն ինձ համար շատ ընդունելի սպա և զինծառայող է։ Բայց նրա դիրքորոշումը կիսում եմ, ինքս կանեի առնվազն նույնը»,- ասաց Սարգսյանը։

Նա նաև հայտնեց, որ ԶՈՒ ողջ համակարգում խաղաղապահների քայլն ընկալվել է խիստ բացասաբար։

«Որովհետև նման ներգրավումը մի կողմից անմիջապես դուռ է բացում, մյուս կողմից լեգիտիմացնում է ԶՈՒ ներգրավումը։ Իսկ դա անթույլատրելի է, պետության համար կործանում է նշանակում»,- ասաց Սարգսյանը։

Ինչ վերաբերում է արտակարգ իրավիճակներում ԶՈՒ-ի ներգրավմանը, Սարգսյանը հիշեցրեց, որ ՀՀ օրենսդրությամբ բանակը կարող է ներգրավվել միայն այն դեպքում, երբ ոստիկանության ուժերը չեն բավարարում, և այն էլ միայն հատուկ ռազմավարական օբյեկտների պահպանության մեջ, ապա վստահեցրեց. «Որևէ արտառոց միջոցառում այդ օրերին ՊՆ-ն չի իրականացրել»։

Ապրիլի 23-ին ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի զինծառայողները դուրս էին եկել փողոց և միացել Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջող ցուցարարներին։

Պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում խստորեն դատապարտել էր ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի զինծառայողների մասնակցությունը հանրահավաքին։ ՊՆ-ն խոստացել էր նրանց նկատմամբ կիրառել օրենքով սահմանված պատասխանատվության ամենախիստ միջոցները։