Տարբեր ազգի ներկայացուցիչները Երևանում ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ

Երևանի «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ հավաքվել են հասարակ քաղաքացիներ, հայ և ռուս զինվորականներ ու տասնյակ երկրների դիվանագետներ։
Sputnik

Հաղթանակի օրը, ըստ ավանդույթի, տոնեցին անմար կրակի և «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ։

Վաղ առավոտից Հաղթանակի այգի էին գալիս երիտասարդներն ու տարեցները։ Ավանդույթի համաձայն` եկան նաև հայ և ռուս զինվորականները։

Շատ էին նաև դիվանագետները` նախկին Միության երկրներից, ԱՄՆ-ից, եվրոպական երկրներից, Հեռավոր և Մերձավոր Արևելքից, այդ թվում` Սիրիայից։ Բոլորը ծաղկեպսակներ էին բերել, ոմանք` իրենց ազգային դրոշների գույներով։

Առանձին խմբերով հուշահամալիր էին եկել արհմիությունների, Գիտությունների ակադեմիայի, առանձին ձեռնարկությունների ներկայացուցիչներ։ Հարգանքի տուրք մատուցեցին նաև երկրի ղեկավարները` նախագահը, խորհրդարանի նախագահը, նախարարները, ինչպես նաև Ամենայն հայոց կաթողիկոսը։

Հայ և ռուս զինվորականները շքերթով անցան ռազմական տարիների երգերի հնչյունների ներքո։